
«Այլևս ընտանիքի յուրաքանչյուր անդամի թեստի արդյունքներն առանձին սմարթֆոնում պահելու անհրաժեշտություն չկա: Թողարկվել է հավելվածի նոր տարբերակը, որը հնարավորություն է տալիս պահպանել ճամփորդող ընտանիքի բոլոր անդամների Covid-19 թեստի արդյունքները մեկ հավելվածում»,-այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:
Հիշեցնենք` «Ճամփորդիր առանց կովիդ» ծրագրի մեկնարկից հետո առաջացած տեխնիկական խնդիրի անդրադարձել էր Araratnews.am-ը` բարձրաձայնելով այն, որ անկախ երեխայի տարիքից, նա ևս պետք է ունենար կովիդի թեստի բացասական պատասխանի հաստատումը բջջային համապատասխան հավելվածում, ինչն էլ ենթադրում է, որ երեխան նույնպես պետք է ունենա բջջային հեռախոս, որպեսզի կարողանա մեկնել երկրից:
Հարցի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբուխանյանը ծրագրի մեկնարկից հետո Araratnews.am-ին պարզաբանում էր տվել, որ այդ պահանջը ռուսական կողմինն է, և նշել էր, որ դեռ քննարկումներ են ընթանում:
Նշենք` ծրագրի մեկնարկից մոտավորապես երկու շաբաթ անց նույն խնդրի հետ կապված մեր գրավոր հարցմանն ի պատասխան գերատեսչությունից հայտնել էին, որ Հավելվածում ծրագրային փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ հարցը դեռևս գտնվում է քննարկումների փուլում։
Ի վերջո հարցը լուծում ստացավ:
Հայկ Մագոյան