Մարտի 1-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգած քաղաքացին խնդրել է, որ Աշտարակ քաղաքի Լինչի փողոց ոստիկաններ մոտենան: Բաժնի օպերատիվ խումբը հնարավորինս արագ հասել է դեպքի վայր ու կանխելց վիճաբանության զարգացումները։

Շուտով հայտնի է դարձել, թե ինչ է կատարվել Լինչի փողոցում։ Ահազանգից մոտ տասը րոպե առաջ, վիճաբանության ժամանակ, 43-ամյա տղամարդը դանակահարել էր 52-ամյա հարևանին։ Վիճաբանությանը ներկա էր եղել նաև Աշտարակի Հեքիմյան փողոցի 50-ամյա մի բնակիչ, որին նույնպես դանակի հարվածներ էին հասել:

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մոտ երկու ժամ անց Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են դանակահարողին ու բերման ենթարկել բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։

Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

04 Մարտ, 2021 00:00
159
; ;