ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հակված է գոնե մեկ անգամ ևս երկարաձգել թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի գործողության ժամկետը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Կարծում ենք, որ պետք է արգելքները երկարաձգվեն, եթե քաղաքական և այլ առաջնահերթությունները չխանգարեն: Քանի դեռ մտել ենք այս ջուրը, իմաստ ունի երկարաձգել և մեր տնտեսավարողներին տալ բավարար ժամանակ, որ կարողանան վերադասավորվել, ներդրումներ անել, ստանալ այն ապրանքների արտադրանքի ծավալը, որը թույլ կտա մրցունակ լինել: Այդքան ժամանակ մենք պատրաստ ենք պաշտպանել մեր տեղական արտադրողներին, որ կարողանան ամրապնդվել շուկայում»,- ասաց Քերոբյանը:

Նա շեշտեց՝ նախարարությունը հակված է բաց տնտեսությանը, սակայն այս պարագայում ամենալավ լուծումը, որ տեսնում են, գոնե մեկ անգամ ևս երկարաձգելն է: Պետությունը պատրաստվում է տեղական արտադրողներին պաշտպանել ոչ միայն թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով, այլ նաև բազմաթիվ այլ գործիքներով:

 

1542