ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Էջմիածին քաղաքի անչափահաս բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:

 

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2019 թ. սեպտեմբերի 4-ին` ժամը 21:00- 22:00-ն ընկած ժամանակահատվածում, Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասում գտնվող զբոսայգում նույն քաղաքի՝ 2003 թ. ծնված անչափահաս բնակիչն իր ընկերոջ հետ հանդիպել է նույն քաղաքի մեկ այլ բնակչի՝ անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ պահանջելու համար: Խոսակցությանը միջամտել է վերջինիս հայրը: 16-ամյա տղան անպատիվ խոսքեր է հնչեցրել նրա հասցեին, որից հետո վիճաբանություն է ծագել, և անչափահաս տղան իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածել է վիճաբանությանը մասնակից` Էջմիածին քաղաքի մեկ այլ անչափահաս բնակչի որովայնի առաջային պատին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Էջմիածին քաղաքի անչափահաս բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

04 Մարտ, 2021 17:32
227
; ;