«Կորոնաթվերի աճը հավանական երրորդ ալիքի մասին է խոսում, քանի որ այլ երկրներում նույն օրինաչափությունները նկատվում են: Իհարկե, հանրությունը տարբեր առումներով նվազ ուշադրություն է դարձնում հակահամաճարակային կանոնների պարզ միջոցներին: Շփումները շատացել են, և կարծում եմ, որ այս ամենը միասին ներազդեցություն ունեն թվերի բարձրացման վրա»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց մանկաժբույժ Սերգեյ Սարգսյանը՝ վերլուծելով վերջին շրջանում կորոնավիրուսի թվերի աճի պատճառներն ու մեր երկրում երրորդ ալիքի հավանականությունը:

Անդրադառնալով դեռահասների մոտ կովիդով վարակվածներին՝ մանկաբույժն ասաց, որ մեկ տարվա ընթացքում մոտավորապես 7200 դեպք ենք ունեցել 0-18 տարեկանների շրջանում. «Երեխաների ու դեռահասների մոտ նշաններն ավելի մեղմ են: Թեստավորման հաճախականությունը դեռահասների մոտ այնքան բարձր չէ, ինչքան ավելի մեծ տարիքային խմբերում: Ինչևէ,  թվերի որոշակի բարձրացում վերջերս նկատվում է, բայց այդքան էլ արտահայտված չէ մանկական տարիքի համար»,- ասաց բժիշկը՝ խոսելով նաև կորոնաթվերի բարձրացման ֆոնին կրկին հեռավար կրթության անցնելու միտումների մասին.« Ընդհանուր առմամբ, երեխաների միմյանց վարակելն ավելի քիչ է, քան տնային պայմաններում մեծահասակներից վարակվելը: Եվ երկրորդը` պետք է գլոբալ հաշվի առնել նաև երեխաների շահերը, ուսուցման շահը, որ բոլորս էլ տեսնում ենք, որ ուսուցման խափանումները անդրադառնում են նրանց զարգացման վրա, կրթության վրա: Ամեն ինչ դրված է երեխաների կարիքների և հասարակության կարիքների բալանսավորման վրա: Ճիշտ է, երեխաները շատ չեն վարակվում, բայց ռիսկեր պարունակում են»,- մանկաբույժը նկատում է, որ  ուսուցիչներն էլ են շարժման մեջ լինում, և հաշվի է առնվում ուսուցիչների տարիքային խումբը ևս, իսկ վերջնական որոշումը կախված կլինի ընդհանուր թվերից:

Սարգսյանի խոսքով` ինչպես մեծահասակների շրջանում, այնպես էլ երեխաների մոտ կովիդի բարդացումը նկատվում է ուղեկցվող հիվանդություն ունենալու պարագայում: «Շաքարախտ, լյարդային հիվանդություններ, մանկական ուղեղային կաթված, արյան հիվանդություններ, ծանր աղեստամոքսային հիվանդություններ ունեցողներ կան և ծանրությունը զուգահեռ ուղեկցվում է: Դեռահասներն ավելի շատ են հիվանդանում քրոնիկ հիվանդություններով, քան մանկական տարիքում, և դեռահասների շրջանում ավելի ծանր է ընթանում»:

Խոսելով երեխաների և դեռահասների պատվաստման մասին՝ մանկաբույժն ասում է, որ համաշխարհային բժշկությունը այդ հարցի մասին ընդհանուր մոտեցում դեռ չունի: Եվ վերադառնալով համավարակի երրորդ ալիքի հավանականությանը՝ բժիշկը խորհուրդ է տալիս հետևել համաճարակային կանոններին` կրել դիմակներ, հաճախակի լվանալ ձեռքերը և հնարավորինս խուսափել շփումներից:

Հայկ Մագոյան

1160