Վահան Քերոբյանը մասնակցել է «Համագործակցային դոկտորական կրթություն․ լավագույն փորձի բացահայտում և ապագայի պլանավորում» խորագրով եռօրյա աշխատաժողովի եզրափակիչ քննարկումներին։ Այս մասին նշված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջում:

«Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ Էկոնոմիկայի նախարարն իր ելույթում համոզմունք է հայտնել, որ գիտությունը Հայաստանի համար որևէ այլընտրանք չունի, քան զարգացումը՝ հենվելով տեխնոլոգիական առաջընթացի վրա: «Ակնհայտ է, որ միայն այդ դեպքում մենք կարող ենք բարձրարժեք արդյունք ստեղծել Հայաստանում և, որպես փոքր երկիր, ուժեղ տնտեսություն ունենալ, ինչպես, օրինակ, Իսրայելը, Շվեյցարիան և այն: Իմ պաշտոնավարման երեք ամսվա ընթացքում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցելով, մենք վերանայեցինք ասպիրանտական տեղերի պետպատվերի հատկացման մոտեցումը. առաջարկեցինք բիզնեսին ներկայացնել ծրագրեր, որոնք պետք է հետազոտվեն, և արդեն իսկ ընտրություն ենք կատարել: Կարծում ենք՝ մեզ սպասվում է շարունակական սերտ համագործակցություն: Ակնհայտ է, որ գիտական միտքն օգնում է բիզնեսին, և հենց այս ուղղությամբ էլ մենք պետք է առաջ շարժվենք», - ասել է Վահան Քերոբյանը:

Առանձին աշխատանքային քննարկման ընթացքում ARMDOCT ծրագրի ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել գիտություն-տնտեսություն կապի խթանման գործիքների վերաբերյալ հետազոտության արդյունքները, նշել խնդիրները և բարելավման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել Էկոնոմիկայի նախարարին կից ստեղծել գիտական խորհուրդ, որը, այլ գերատեսչությունների հետ սերտ համագործակցությամբ, կմշակի գիտություն-տնտեսություն կապի ապահովման ճանապարհային քարտեզ։

Բուհերի ներկայացուցիչները հրատապ լուծման ենթակա խնդիրների շարքում ներկայացրել են գիտական հետազոտությունների համար ձեռքբերվող սարքավորումների և նյութերի հարկման խնդիրները՝ կարևորելով հարկային խթանների տրամադրումը (այդ թվում՝ ավելացված արժեքի հարկից ազատումը), ինչն էապես կխթանի ոլորտում ներդրումները և գործընթացի արդյունավետության բարձրացումը։ Առաջարկվել է նաև որոշակի գիտական բնագավառում գիտական կադրեր պատ¬րաս¬տելու համար շահագրգռված և համատեղ հետազոտոթյուններ իրակա¬նացնող կազմակերպություններին պետության կողմից ֆինանսապես խրախուսման մեխանիզմներ գործարկել, այդ թվում նաև հարկային արտոնություններ։ Կարևորելով առաջարկները՝ Վահան Քերոբյանը նշել է, որ խնդիրն առավել մանրամասն կուսումնասիրվի և համապատասխան նախագիծ կշրջանառվի առաջիկայում։

Նախարարը պատրաստակամություն է հայտնել ներգրավելու ոռեսուրսներ և տրամադրելու ֆինանսական աջակցություն ակադեմիական «սփին-օֆ»-ներին։ Իրազեկության բարձրացման և տեղեկատվության տարածման, գիտնականների և գործարար ոլորտի համագործակցությունը խթանելու նպատակով, նախարարության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել առաջիկայում ARMDOCT ծրագրի աշխատանքային խմբի հետ համատեղ կազմակերպել համաժողով։

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը բուհերի հավատարմագրման ընթացքում բացահայտված հիմնական խնդիրներից նշել է կիրառելի գիտելիքի պակասը։ Նա համոզմունք է հայտնել, որ այս ծրագիրը բավականին լուծումներ կտա՝ դոկտորական դպրոցներ ստեղծելով, ինչպես նաև բուհ-արդյունաբերություն կապի ապահովման միջոցով։ Նա կարևորել է նաև դոկտորական կրթության և մագիստրոսական կրթության հետ կապի ապահովումը:

Աշխատաժողովի ընթացքում բուհերի և սոցիալական այլ գործընկերների կողմից ներկայացվել են համագործակցային դոկտորական ծրագրերի, բուհ-արդյունաբերություն համատեղ իրականացվող հետազոտական ծրագրերի օրինակներ։ Աշխատաժողովն ամփոփվել է համագործակցային դոկտորական կրթական ծրագրերի կազմակերպման վերաբերյալ քննարկումներով»:

 

1030