ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների համար արդեն տարիներ շարունակ տրամադրվում է փոխհատուցում։ Այս գործընթացը սկսվել է 2006 թվականից։ «ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N8 հավելվածի եւ ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների համար ավանդատուներին տրամադրվում է փոխհատուցում՝ յուրաքանչյուր 1 ռուբլու համար 84 դրամ։

Յուրաքանչյուր մեկ ռուբլու համար սահմանված փոխհատուցման չափի, ինչպես նաեւ գործընթացի սկսելուց մինչ օրս տրամադրված փոխհատուցման չափի վերաբերյալ ամփոփ տվյալներ ստանալու համար Infօcom-ը պաշտոնական հարցմամբ դիմել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը։

Համաձայն մեզ տրամադրած պատասխանի՝ մինչեւ 1000 ռուբլի ներդրած ավանդի համար, որպես փոխհատուցում, մեկ ռուբլու դիմաց տրամադրվում է 84 դրամ։ 1001-ից մինչեւ 3000 ռուբլու դեպքում արդեն 1000-ից ավելի յուրաքանչյուր ռուբլու համար հաշվարկվում է 29,4 դրամ փոխհատուցում, այսինքն՝ առաջին 1000 ռուբլու համար տրամադրվում է 84,000 դրամ, դրանից ավելի յուրաքանչյուր ռուբլու դիմաց՝ 29,4 դրամ։ 3000 խորհրդային ռուբլին գերազանցող յուրաքանչյուր մեկ ռուբլին հաշվարկվում է 16,8 ՀՀ դրամ, 5000 խորհրդային ռուբլին գերազանցող մեկ ռուբլին՝ 8, իսկ 10,000 խորհրդային ռուբլին գերազանցող մեկ ռուբլին՝ 4 ՀՀ դրամ։

Օրինակ՝ եթե անձի անունով մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդը կազմում է 8000 խորհրդային ռուբլի, ապա ավանդի դիմաց փոխհատուցման գումարը հաշվարկվում է հետեւյալ կերպ՝ 176,400 + ((8000-5000) x 8) = 200,400 ՀՀ դրամ։

Ինչպես արդեն նշեցինք՝ փոխհատուցման գործընթացը սկսել է 2006 թվականից։ Մինչեւ 2021 թվականը վճարված անձանց թվաքանակի, ինչպես նաեւ վճարված գումարի չափի վերաբերյալ տվյալներին կարող եք ծանոթանալ ստորեւ ներկայացվող ինֆոգրաֆիկայի միջոցով։

infocom.am

269