ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները միջնորդություն են ներկայացրել խորհրդին՝ մարտի 19-ին ժամը 11:00-ին իրենց առաջարկած օրակարգով ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար:

ԱԺ խորհուրդը այս հարցը կքննարկի մարտի 18-ին ժամը 16:00-ին նախատեսված նիստում:

«Իմ քայլը»-ի պատգամավորների առաջարկած նիստի օրակարգում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում  լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: «Իմ քայլը»-ն առաջարկում են նախագծերը առաջին ընթերցմամբ քննարկել առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության, ինչպես նաև քննարկել երկրորդ ընթերցմամբ:

Հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պատշաճ իրացումը, գործերը ողջամիտ ժամկետներում քննելու եւ լուծելու պահանջի ապահովումը, դատարանների բնականոն  գործունեության ապահովման ինստիտուցիոնալ երաշխիքների ամրապնդումը եւ ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված  միջազգային դատական ատյանների ու ՀՀ Վճռաբեկ դատարանի դատական ակտերով  արձանագրված մարդու իրավունքների  եւ ազատությունների ու խախտումների  հետեւանքների վերացումն ու այդ խախտումների զոհերի իրավունքների վերականգնումը։ 

Նախագծերի փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխություններն ու լրացումները հանգում են հետեւյալին՝

  1. Որպես դատական սանկցիայի առանձին տեսակ նախատեսել իրավունքի իրականացման սահմանափակումը, որն առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը, իր դատավարական իրավունքներից օգտվելիս, պարբերաբար չարաշահում է դրանք՝ վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության շահի ապահովումը։
  2. Նախագծերի փաթեթով առաջարկվում է Բարձրագույն դատական խորհրդին օժտել դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորությամբ՝ նախատեսելով, որ վերջինիս իրացման ուղղությամբ ԲԴԽ–ն  իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր…

Նշվում է նաև, որ նախագծերի փաթեթի ընդունման հրատապությունը  պայմանավորված է դատական համակարգի առջեւ ծառացած խնդիրները շուտափույթ լուծելու հանգամանքով։

17 Մարտ, 2021 13:22
131
; ;