Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է կառավարության որոշումը` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրը հաստատելու մասին։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, պետական աջակցության ծրագրով նախատեսվում է քաղաքացիների հիփոթեքային, սպառողական և բիզնես (այդ թվում` գյուղատնտեսական գործունեության նպատակով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրված) վարկերի և փոխառությունների դիմաց առաջացած պարտավորությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցում՝ ըստ սահմանված շահառուների խմբերի, աջակցության չափերի և ժամկետների։

Համաձայն ծրագրի՝ պետական աջակցությունից կօգտվեն ֆիզիկական անձինք (կամ նրանց ամուսինները), որոնք 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված և փաստացի բնակվում էին կամ ում աշխատանքի վայրը գտնվում էր Արցախի Հանրապետությունում (բացի զորահավաքային զորակոչով չներկայացած ԱՀ պահեստազորայիններից կամ նրանց ամուսիններից, համատեղությամբ բնակվող ծնողներից կամ զավակներից) և որոնք աջակցության ստացման ողջ ժամանակահատվածում փաստացի բնակվում են ԱՀ-ում՝ որոշ բացառություններով։

Ըստ հաղորդագրության՝ ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև ԱՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք (բացառությամբ ոչ առևտրային կազմակերպությունների­), որոնք շարունակում են իրենց գործունեությունը և որոնց միակ մասնակիցը (բաժնետերը) կամ կանոնադրական կապիտալի ավելի քան գումարային 60 տոկոս մասնակցություն ունեցող մասնակիցները բավարարում են ֆիզիկական անձանց համար սահմանված պահանջները։

Բացի աջակցության ընդհանուր միջոցառումներից, շահառուների որոշ խմբերի համար ծրագրով սահմանվում են այլ արտոնություններ, պայմաններ, ինչպես նաև լրացուցիչ աջակցություն, որն առաջնահերթության կարգով կուղղվի նրանց հիփոթեքային, գյուղատնտեսական, սպառողական և բիզնես վարկերի մարմանը։

ԱՀ նախագահի աշխատակազմից նաև հայտնում են, որ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ժամկետանց վարկեր ունեցող անձինք ևս կկարողանան օգտվել պետական աջակցության ծրագրից՝ շահառու ճանաչվելու և պարտատերերի կողմից նրանց վարկերի վերաֆինանսավորման կամ վերակառուցման դեպքում և վարկի տարեկան մայր գումարի չափը 1․8 մլն ՀՀ դրամը չգերազանցելու պայմանով։

Ինչ վերաբերում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո վճարված գումարներին, ապա դրանք կվերադարձվեն քաղաքացիներին՝ նրանց կողմից նշված բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։

«Այս փուլում քաղաքացիների կողմից դիմումներ կամ այցեր կոնկրետ մարմիններ անհրաժեշտ չեն, և լիազոր մարմինները համապատասխան բանկերից ու վարկային կազմակերպություններից վերցնելու են բոլոր տվյալները՝ արտոնությունների ընթացքավորման նպատակով: Եթե քաղաքացին կարծում է, որ ինքը պատկանում է տվյալ ծրագրի շահառուների խմբերից որևէ մեկին, սակայն մեկամսյա ժամանակահատվածում իր հետ ոչ ոք չի կապվել այդ հարցով, ապա մեկ ամսից հետո կարող է դիմել պարտատեր կազմակերպություն:

Որոշմանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով (http://bit.do/fPLys), իսկ հարցերի առկայության դեպքում՝ զանգահարել ԱՀ նախագահի աշխատակազմի թեժ գիծ՝ 119 կամ 047-119-119 հեռախոսահամարներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

663