Երևանի թիվ 2 հիմնական դպրոցի տարրական դասարանների ուսուցիչներ Աննա Մելքումյանը, Նարինե Մանուչարյանը և Զարինե Սարիբեկյանը «Տարվա լավագույնները» մրցույթին ներկայացրել են խմբային հայտ և «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում արժանացել հաղթողի կոչմանը: «Մաթեմատիկան՝ առավել հասանելի» առարկայական հեղինակային ծրագիրն իրականացվելու է 4-րդ դասարանում՝ դպրոցական բաղադրիչի հաշվին, և ապահովելու է ուսուցման տարբերակված մոտեցում:

«Նմանօրինակ ծրագիր ներկայացնելու միտք հղացավ, երբ գործընկերներով մտածեցինք մաթեմատիկան ավելի հասանելի դարձնել: Իսկ ինչու՞ հենց մաթեմատիկան, քանի որ Արցախյան վերջին պատերազմը ցույց տվեց, որ երեխաներին պետք է պատրաստել որպես ապագա գիտնականներ, և այդ համատեքստում ճիշտ է խթանել մաթեմատիկա, ֆիզիկա և նմանատիպ այլ առարկաների ուսուցումը: Մրցույթի ընթացքում մարդկային գործոնը բացակայում էր. Էլեկտրոնային փոստին ուղարկել ենք մեր ծրագիրը և նույն եղանակով ստացել պատասխան՝ արդյոք հաղթե՞լ ենք, թե՞ ոչ: Սա խոսում է մրցույթի անաչառության և ազնիվ հիմունքների մասին: Տարիներ շարունակ նվիրումով աշխատում ես՝ առանց ակնկալիքի, ու այդ նվիրումը որևէ մրցանակից կախված չէ։ Սակայն, երբ այսպիսի մրցույթում հաղթող ես ճանաչվում, ու թվացյալ աննկատ աշխատանքդ ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկը գնահատում է, դա անկասկած ոգևորում է»,- ասում է Զարինեն:

Նախագծի համահեղինակ Աննայի խոսքով՝ ծրագիրը նախևառաջ ունի ուսուցանող նպատակ՝ անհատականացման կամ շերտավորման միջոցով կատարելագործել աշակերտների գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, ինչպես նաև նպաստել ուսումնական ծրագրի պահանջների իրականացմանը։

«Այս ճանապարհով հնարավոր է փոքրացնել աշակերտի՝ իր հնարավորությունների մակարդակից բացարձակ կամ հարաբերական հետ մնալը, և հակառակը՝ խորացնել ու ընդլայնել նրա գիտելիքները՝ ըստ իր հետաքրքրությունների և ընդունակությունների։ Այսինքն՝ ծրագիրը թույլ է տալիս բացահայտել յուրաքանչյուր աշակերտի փաստացի և պոտենցիալ հնարավորությունները»,- ասում է Աննան՝ հավելելով, որ ծրագիրն ունի նաև զարգացնող նպատակ, այն է՝ ձևավորել և զարգացնել աշակերտի տրամաբանական ու ստեղծագործական մտածողությունը։

«Ակնկալվում է, որ ծրագրի ավարտին սովորողները կունենան՝ ծրագրային նյութի շրջանակում կայուն նվազագույն գիտելիքներ, ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելու կարողություններ և հմտություններ, ինչպես նաև թիմային աշխատանքում կարողությունների լիարժեք դրսևորման հմտություններ: Նախատեսվում է ուսումնական գործընթացը կազմակերպել` աշակերտների որոշակի խմբի հատուկ առանձնահատկությունները հաշվի առնելով: Այդ նպատակով հաշվի են առնվում խմբային և անհատական առանձնահատկությունները»,- իր հերթին ծրագրի մանրամասներն է ներկայացնում ծրագրի մյուս համահեղինակ Նարինեն:

Ըստ ուսուցիչների՝ հայտորոշիչ թեստի միջոցով նախատեսվում է աշակերտներին բաժանել չորս խմբի։ «Ծրագրի շրջանակում նախատեսվում է յուրաքանչյուր շաբաթ մաթեմատիկայի մեկ դաս անցկացնել ձևավորված խմբերում, ընդ որում՝ այն անցկացնել թեմատիկ պլանին համապատասխան, որը նախատեսված կլինի 34 շաբաթվա համար։ Յուրաքանչյուր խմբում աշխատանքը կկազմակերպվի տվյալ աստիճանում ընդգրկված աշակերտների կարիքներին համապատասխան: Աշակերտի հաջողությունների հարցում ժամանակին կազմակերպված հայտորոշումը թույլ կտա ճկուն կերպով փոխել խմբերի կազմը։ Տարեվերջյան գիտելիքների ստուգման միջոցով կամփոփենք արդյունքները, և ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում սովորողները կպարգևատրվեն ավարտական հավաստագրերով»,- շեշտում են ծրագրի հեղինակները և փաստում, որ այն կարելի է իրականացնել բոլոր դասարաններում, տարբեր առարկաների շրջանակում՝ յուրաքանչյուր տարվա հիմքում դնելով նախորդ տարվա արդյունքները։

«Ծրագիրը շարունակական է լինելու, և վստահ ենք, որ շատ դպրոցներում այն կլինի կիրառելի և օգտակար»,- վստահեցնում են նրանք:

573