Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանշային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը պարտություն է կրել  կիսաեզրափակիչում և չի կարողացել նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Գալստյանը եզրափակչի ուղեգիրը վիճարկել է վրացի Ռամազ Սոիձեի հետ և առաջին մրցափուլում պարտվել 1:10 հաշվով: Մարտի 21-ին հայ ըմբիշը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 14-6 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Իսլամբեկ Դադովին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մարտի 20-ին հանդես էին եկել նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ), որոնք հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել էին քառորդ եզրափակչում: 

Հավելենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում «Տոկիո-2020»-ի ուղեգրեր ունեն Կարապետ Չալյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններից՝ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը:

1239