Երեկ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և  սպորտի  հարցերի հանձնաժողովում քննարկվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը՝ տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։

«Երկրորդ ընթերցման ներկայացվող նախագծում իմ և գործընկերոջս՝ Հովհաննես Հովհաննիսյանի կողմից արվել է ավելի քան 30 խումբ առաջարկ։ Դրանք թե՛ իրավական տեխնիկան պահպանելու, թե՛ որոշակի հարաբերություններ առավել հստակեցնելու և թե՛ կրթության ոլորտի կարգավորումները բարելավելու նպատակ ունեն։ 

Դրանցից մի քանիսը հարկ եմ համարում ներկայացնել ձեր ուշադրությանը:

Բուհերի տարատեսակների սահմանումը թողնվել է օրենքի կարգավորման մակարդակում, քանի որ դրանք, ըստ էության, կապված են գործունեության առանձնահատկությունների հետ. համալսարան, ակադեմիա, ինստիտուտ։ Իսկ գիտական կազմակերպությունների տարատեսակների սահմանումը օրենքով պատվիրակվել է կառավարությանը, քանի որ այս համակարգում դեռևս ընթանում են վերակազմավորումներ։

Փոփոխություններ բուհերի ղեկավար մարմինների ընտրության, պաշտոնավարման և լիազորությունների դադարեցման պայմաններում.

 Հանրային բուհի ռեկտորի (այդ թվում՝ մասնաճյուղի տնօրենի) պաշտոնում կարող է ընտրվել (նշանակվել) այն անձը, որն ունի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ։ Սակայն բուհի առանձնահատկությունով պայմանավորված՝ կանոնադրությամբ կարող են սահմանվել այլ լրացուցիչ պահանջներ.

Կանոնադրությամբ կարող է առանձնահատուկ պահանջներ սահմանվել արվեստի և սպորտի ոլորտի ակադեմիական պաշտոններում.

Բուհի ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) պաշտոնում կարող է ընտրվել մինչև 65 տարին լրացած անձը և պաշտոնավարել մինչև իր աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը, բայց ոչ ավելի, քան 70 տարին լրանալը.

Ուսանողին տրվող ֆինանսական աջակցության մեխանիզմների բարելավում.

Ներկայիս գործող ռոտացիայի համակարգի բարելավում՝ ի հաշիվ անձի կրթության աջակցության քաղաքականության փոփոխության։ Ուսանողին տրվող կրթաթոշակը 1-ին և 2-րդ մակարդակներում կատարվում է առավել միավորների հիմքով և պահպանվում է նույն մակարդակում՝ ուսումնառության ամբողջ ընթացքում, եթե, իհարկե, տվյալ ուսանողը երկու կիսամյակ անընդմեջ պահպանում է տվյալ կրթական ծրագրի համար բուհի կողմից սահմանված միջին որակական գնահատականի առնվազն 10 տոկոսը։ Մեր առաջարկով 4 կիսամյակը փոխարինվել է 2-ով, և նվազեցվել է ՄՈԳ-ի տոկոսը։ Դա հնարավորություն կտա անվճար համակարգում պահպանվելու ճկուն շեմ ունենալ, սակայն հնարավորություն տալ լավագույններին փոխատեղվելու։ 

Ուսանողական նախաձեռնությունների ու գործունեության ընդլայնումը, ուսանողական ինքնակառավարման մարմինների բազմազանության հնարավորությունը.

Ուսանողները իրավունք ունեն նախաձեռնել և ստեղծել ուսանողական կառույցներ, միավորումներ՝ ուսանողական ինքնակառավարման մարմիններ, ընդգրկվել և անդամակցել դրանց ու հանդես գալու ուսանողական նախաձեռնություններով, ծրագրերով, սոցիալական կամավորական միջոցառումներով,

Բուհի ուսանողական ինքնակառավարման մարմինները բուհում և դրա համապատասխան կառուցվածքային միավորներում գործում են որպես ուսանողական ներկայացուցչական մարմիններ, որոնցում միավորվում են որոշակի նպատակի, նախաձեռնության, ծրագրի, գաղափաների, սոցիալական (կամավորական) շարժման մասնակիցներ (հետևորդներ), ինչպես նաև իրականացնում են ուսանողների շահերից, կարիքներից, իրավունքների պաշպանությունից ու պարտականություններից բխող գործառույթներ,

Համաձայն բուհի կառավարման խորհրդի կողմից սահմանված կարգի՝ ուսանողական կառույցներն իրականացնում են ֆոնդհայթայթման միջոցառումներ, որի արդյունքում գոյացած միջոցները կարող են ուղղվել բացառապես իրենց գործունեության նպատակների իրականացմանը»,- գրել է Հայրապետյանը Ֆեյսբուքի իր  էջում։

 

418