Վերջին օրերին մայրաքաղաքի մի շարք խանութներում նկատվում է ձվի գնաճ, դեֆիցիտ: Շատերը, խուճապահար, տուփերով են ձու գնում: Այնուամենայնիվ, կա՞ ձվի դեֆիցիտ և ինչով է պայմանավորված գնի բարձրացումը` Araratnews.am-ը զրուցեց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի հետ:

«Մեր արտադրությունը, ճիշտ է, մեծ դժվարությամբ, բայց բավարարում է նաև Զատկի նախատոնական առևտրին: Ու խնդրել ենք, որ շատ պետք չէ գնել, որովհետև, ըստ օրենքի, մենք  բաց ենք թողնում: Ունենք նախատեսված խմբաքանակ նաև Զատկի  նախատոնական առևտրի  համար , բայց երբ սկսում են ավելի շատ գնել, արդեն մենք կորցնում ենք մեր բացթողնման չափորոշիչները»,- պարզաբանեց Սերգեյ Ստեփանյանը: 

Թռչնաբույծների միության նախագահի խոսքով` արտադրողները խիստ հսողության տակ են, և ամեն օր ճշգրտվում են ձվի բացթողնման հաշիվ-ապրանքագրերը ըստ ուղղությունների:

«Փետրվարի 22-ից սկսած՝ ձվի գնի բարձրացում չի եղել»,- ասում է Ստեփանյանը՝ հավելելով. «Էդ խուճապը տարածվել է առաքիչների և, հիմնականում, ցանցի կողմից: Ինչն էլ բերում է նրան, որ արհեստականորեն իրենք գին են բարձրացնում. օրը մեջ մեկ դրամ, երկու դրամ առևտրական ցանցը գին է բարձրացնում: Մենք էլ խնդրել ենք` քանի որ մենք գին չենք բարձրացնում, բարի լինեն լրացուցիչ չբարձրացնեն, որովհետև դուրս է գալիս, որ առևտրական ցանցը արտադրողից  շատ եկամուտ է ստանում»:

Ստեփանյանն ընդգծեց, որ Հայաստանի թռչնաբույծների միությունն ամեն ինչ անում է,  խնդիրն այլ դաշտում է:

Հայկ Մագոյան

 

 

3945