ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԲՀԿ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Իվետա Տոնոյանի ներկայացրած՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: 

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը նշեց, որ հատկապես պատերազմի, հետպատերազմական ժամանակահատվածում շատ է բարձրաձայնվել պետական դավաճանության, լրտեսության, լրտեսական ցանցերի գործունեության մասին, ինչը չարիք է:

«ՀՀ-ի, մեր ժողովրդի նկատմամբ գործած հանցանքը ամենածանրն ենք համարում, ուստի առաջարկում ենք ամենածանր պատիժը: Պետական դավաճանության, լրտեսության համար սահմանել ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագանձմամբ: Սա ամենախիստ պատիժն է, որ մեր ներկայիս իրավակարգավորումները հնարավորություն են ընձեռում իրականացնելու, որպեսզի ներկայում և ապագայում որևիցե մեկը չփորձի նման արարք կատարել»,- ասաց Էնֆիաջյանը:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանն էլ հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն եղել, իսկ Կառավարության կողմից եղել է առաջարկ՝ լրտեսության մասով ավելացնել սանկցիան՝ մինչև ցմահ ազատազրկում: Ատոմյանը կոչ արեց երկրորդ ընթերցմամբ նույնպես կողմ քվեարկել:

 

1lurer.am

1273