ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման նոր կարգը, որն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից:

Նոր կարգով դպրոցների կառավարման խորհուրդների համակարգում կտրուկ փոփոխություն է նախատեսվում: Մասնավորապես ներմուծվում է դպրոցների միացյալ և առանձին խորհուրդների գաղափարը, որը նոր մոտեցում է: 

Որ դեպքում է կազմվում առանձին, որ դեպքում` միացյալ խորհուրդ

Համաձայն կարգի` հանրակրթական ուսումնական հաստատության խորհուրդը ձևավորվում է 3 տարի ժամկետով`  իբրև առանձին հաստատության խորհուրդ` առնվազն 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող դպրոցների դեպքում, իբրև միացյալ խորհուրդ` առավելագույնը երեք հաստատության համար: Առանձին խորհուրդը կազմվում է 9 անդամից, միացյալ խորհուրդը կարող է ունենալ առավելագույնը 19 անդամ: 

Ովքեր և ինչպես են ձևավորում դպրոցների կառավարման խորհուրդները 

Խորհրդի անդամներին առաջադրում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, լիազորված մարմինը (մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան), մանկավարժական և ծնողական խորհուրդները, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը:

Մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների առանձին խորհուրդներում ԿԳՄՍ նախարարն առաջադրում է մեկական, միացյալ խորհուրդներում՝ երկուական անդամ:

ԿԳՄՍ նախարարության ենթակայության հաստատություններում 4 անդամ առաջադրում է ԿԳՄՍ նախարարը,  1-ական անդամ՝ ՀՀ մարզերում համապատասխան մարզպետը, մայրաքաղաքում` Երևանի քաղաքապետը:

Մարզային ենթակայության հաստատությունների առանձին խորհուրդներում մարզպետն առաջադրում է խորհրդի 4 անդամ, որից երկուսին ներկայացնում է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը: Միացյալ խորհուրդներում մարզպետն առաջադրում է 5 անդամ, ընդ որում՝ կախված ուսումնական հաստատությունների թվից, մեկական անդամ ներկայացնում են տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարները:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների խորհուրդներում Երևանի քաղաքապետն առաջադրում է 4 անդամ:

Դպրոցի մանկավարժական և ծնողական խորհուրդներն իրենց կազմից փակ քվեարկությամբ ընտրում են խորհրդի 2-ական անդամ, ընդ որում՝ նույն անձը  խորհրդի կազմում չի կարող ընդգրկվել 2 անգամ անընդմեջ:

Կառավարման խորհրդի կազմում նախարարի, լիազորված մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի և ծնողական խորհրդի կողմից չի կարող առաջադրվել այն անձը, որը միաժամանակ հանդիսանում է տվյալ ուսհաստատության աշխատակից: Հանրակրթական դպրոցի տնօրենը ևս չի կարող լինել խորհրդի կազմում:

ԿԳՄՍ նախարարությունը, մարզպետը և Երևանի քաղաքապետն ուսումնական հաստատության հիմնադրման կամ խորհրդի ձևավորման կարգի փոփոխման դեպքերում 30-օրյա ժամկետում, ըստ ենթակայության, կազմակերպում և ապահովում են կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի անդամների ընտրություն: Խորհրդի առաջին նիստը վարում է տարիքով ավագ անդամը: Խորհրդի նախագահն ընտրվում է փակ քվեարկությամբ` անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Նիստերն արձանագրում է խորհրդի նախագահի կողմից առաջադրված և ձայների պարզ մեծամասնությամբ ընտրված քարտուղարը:

Խորհրդի անդամի պարտավորությունները, լիազորությունները և դրանց դադարեցման հիմքերը սահմանվում են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով:

Հավելենք, որ դպրոցի կառավարման խորհրդի կարևոր գործառույթներից են հաստատության տնօրենի ընտրությունը, ինչպես նաև  հաստիքային և տարիֆիկացիոն ցուցակների,  դպրոցի  ծախսերի նախահաշվի և բյուջեի հաստատումը: 

 

25 Մարտ, 2021 11:34
696
; ;