Երևանի պետական բժշկական համալսարանը հաղորդագրություն է տարածել.
Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Հայոց լեզվի ամբիոնի դասախոս Աշոտ Ավետիսյանը:
1990թ-ից բժշկական մայր բուհում դասավանդած դասախոսը հայոց լեզվի պահպանման կարևոր գործում իր ներդրումն ունի: Պատմվածքներով, էսսեներով, գեղարվեստական ակնարկներով ու թարգմանություններով տարբեր թերթերում և ամսագրերում հանդես եկած դասախոսի ավանդը կրթության գործում անգնահատելի է: 1984-1990թթ. եղել է «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» ամսագրի բաժնի գիտական խմբագիրը, ինչպես նաև 1974-1984թթ. ԵՊԲՀ «Ապագա բժիշկ» թերթի գրական աշխատողը, պատասխանատու քարտուղարը: 1996թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ:
Մանկավարժի պատմվածքները հաղորդվել են ռադիոյով, տպագրվել են անթոլոգիաներում, թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն: Հրատարակվել են նրա «Գալուստ», «Սրամիտ և միամիտ ջավախքցիներ», «Մենավորի աստղը» գրքերը: Աշխարհաբարից թարգմանել է Մ.Հերացու «Ջերմանց մխիթարություն» աշխատությունը: 2001թ. «Երևան, խորհրդանիշ, սեր, ճակատագիր» էսսեի համար արժանացել է Երևանի քաղաքապետարանի մրցանակին: 2011թ. «Մենավորի աստղը» գրքի համար արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի։ Պարգևատրվել է ԵՊԲՀ և ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալներով:
Ցավակցում ենք Աշոտ Ավետիսյանի հարազատներին, ընկերներին՝ նրա անժամանակ կորստի համար: