Գողացել են Երեւանի Նոր Նորքի առաջին զանգվածի Սբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված Լրագրողի արձանի տարբեր հատվածները: Վերջին տասն օրվա մեջ սա արձանագողության երրորդ դեպքն է: Առաջինը եղել էր մարտի 14-ին, երբ գողացել էին «Երևանի 2800-ամյակի» անվան այգում տեղադրված Նավակով տղայի բրոնզե արձանը, ապա Կոմիտասի անվան պանթեոնի տարածքից հայ ականավոր գրող Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին։

Թե ինչպես է բացատրվում արձանների գողությունը և ինչ նորություններ կան նախկին արձանների գողության վերաբերյալ՝ կապ հաստատեցինք Ոստիկանության հետ.

«Նավակով տղայի բրոնզե արձանի դեպքով արդեն քրեական գործ կա հարուցված և նախաքննություն է իրականացվում: Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրիի գողության դեպքի առթիվ Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում, իսկ այսօրվա հաղորդումով՝ Նոր Նորքի բաժնում նորից նյութեր են նախապատրաստվում»,- այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը՝ հավելելով` երբ դեպքերը կբացահայտվեն, պարզ կլինի:

Մեր հարցին` միթե չեն տեսանկարահանվում արձանները, Գաբրելյանը պատասխանեց, որ այսօրվա դեպքի հետ կաված հաղորդում ներկայացնողը նշել է, որ տեղադրված տեսախցիկը վնասված է եղել: Մեր հարցին՝ արդյոք Նավակով տղայի բրոնզե արձանի մոտ տեղադրված տեսախցիկը չի ֆիքսել գողություն կատարողի դեմքը, Գաբրիելյանն ասաց. «Մնացածը, քրեական գործի շրջանակներում բոլոր հանգամանքները կպարզվեն»:

Մեր դիտարկմանը`արձանների գողությունը խմբակային հանցագործություն է, թե անհատական, ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետն ասաց, որ ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ:

Հայկ Մագոյան

 

 

25 Մարտ, 2021 15:30
419
; ;