«Բարգավաճ Հայաստանը» առաջիկա արտահերթ խորհրդականական ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով, որը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն արժանապատիվ համամասնական ցուցակ է ներկայացնելու: 

««Բարգավաճ Հայաստանի» համար շատ ավելի կարևոր է, որ այդ ընտրությունները լինեն ազատ և արդար, վարչական որևէ ռեսուրս չկիրառվի»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ընտրակարգին, որով կանցկացվեն ընտրությունները, Զոհրաբյանն ասաց, որ իշխանությունն ունի բացարձակ մեծամասնություն խորհրդարանում և կարող է ձայների մեծամասնությամբ որոշել ընտրակարգը: «Մենք կմասնակցենք այն ընտրակարգով, որը խորհրդարանական մեծամասնությունը կընդունի, մենք մեր ընտրողների քվեն կստանանք ցանկացած ընտրակարգով»,- նշեց նա: 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ընդունելի՞ է իրենց համար ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելը՝ պատգամավորն ասաց, որ իրենց համար առաջնահերթ խնդիրը ներքաղաքական լարվածության հանգուցալուծումն է, որի միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ ընտրություններն են:

26 Մարտ, 2021 11:39
88
; ;