ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում՝ նախարարության աշխատակիցների համար կազմակերպվել էր ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման Թայեքս գործիքի կիրառմանը նվիրված հանդիպում-քննարկում՝ նախարարության ԵՄ հետ տնտեսական համագործակցության վարչության նախաձեռնությամբ։

Հանդիպման հիմնական նպատակն էր ներկայացնել և քննարկել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատվության և համակատարման ներքո գտնվող միջոցառումների իրականացման նպատակով ԵՄ օժանդակության Թայեքս գործիքի կիրառելիության անհրաժեշտությունը և հնարավորությունները։

Միջոցառման մասնակիցներին ներկայացվել է ԵՄ աջակցության Թայեքս գործիքը, նրա կիրառման հնարավորությունները, Թայեքս հայտերի մշակման, ձևավորման, ստուգման ընթացակարգերը, հայտաձևերի ընթացքի հսկողության, ծրագրերի իրականացման որակի ընդհանուր մշտադիտարկման և տեղեկատվության տարածման գործընթացները։

ԵՄ հետ տնտեսական համագործակցության վարչությունը՝ համագործակցելով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հետ, ապահովում է Եվրոպական հարևանության գործիքների ներքո իրականացվող համապատասխան ծրագրերը, իրականացնում է ծրագրերի դիտանցում, շահառուներին տրամադրում են համապատասխան խորհրդատվություն և օժանդակություն գործիքների կիրառման ու ծրագրերի իրականացման վերաբերյալ։

Թայեքսը Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիք է, որն աջակցում է Եվրոպական հարևանության քաղաքականության անդամ երկրների հանրային կառավարման համակարգին  ԵՄ օրենսդրության մոտարկման և կիրարկման ապահովման բնագավառներում։ 

154