«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ հնչեցրած հայտարարության մասին, որով Փաշինյանը նշել էր, թե ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրահանգով է հայտարարություն գրել ու ստորագրել:

«Այսօր էլ դուք ԱԺ ամբիոնից հղում կատարեցիք Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարությանը՝ նշելով, որ ԳՇ նախկին պետը պատերազմն անհապաղ կանգնեցնելու մասին հայտարարություն չի արել, այլ՝ հակառակը, և դա ԱԽ նիստի ձայնագրություններում առկա է: Օնիկ Գասպարյանն էլ պատասխանել է, որ վարչապետի այսօրվա հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Մարուքյանը:

«Մենք անպայման կդիտարկենք ԱԽ նիստի համապատասխան հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու հարցը: Համենայնդեպս, այն, ինչ ես այսօր մեջբերեցի, կարող եք համարել գրեթե բառացի մեջբերում ԱԽ նիստում տեղի ունեցած Օնիկ Գասպարյանի ելույթներից: Դրանք գաղտնի փաստաթղթերով ավելի մանրամասն արձանագրված են: Եվ կարող եմ ասել՝ ինչ ասել եմ, ապացուցելի են, իմ հարցերին ի պատասխան՝ Օնիկ Գասպարյանն ինքն է ինձ տեղյակ պահել Սերժ Սարգսյանի հետ ունեցած իր խոսակցությունների, զրույցների մասին: Ես բառացի գիտեմ՝ Սերժ Սարգսյանի հետ ինքն ինչ է խոսել, Սերժ Սարգսյանն իրեն ինչ է ասել:

Գիտեմ, որ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին Օնիկ Գասպարյանը ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից, գիտեմ, որ պետական հեղաշրջման փորձի շրջանում Գասպարյանը հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Ես կարող եմ ասել, թե ե՛րբ է տեղի ունեցել այդ հանդիպումը: Նախագահ Արմեն Սարգսյանի մոտից դուրս գալուց հետո Օնիկ Գասպարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, նրա հետ ունեցել է խոսակցություն»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ կհանձնարարի, որ Մարուքյանին վաղը հրավիրեն ԱԱԾ կամ Կառավարություն և ծանոթացնեն բոլոր փաստաթղթերին: 

Փաշինյանը պատասխանեց հարցին, թե ինչո՛ւ մինչև հիմա չի խոսել այդ մասին՝ նշելով, որ չի ուզել տպավորություն ստեղծվի, թե ուզում է պատասխանատվությունից խուսափել, և չի ուզել ի ցույց դնել որոշ բարձրաստիճան գեներալների վախկոտությունը:

Ավելի հստակեցնելու համար վարչապետը նշեց, որ լավ գիտի, թե քաղաքական ո՛ր ուժերի ղեկավարների հետ հանդիպելու թույլտվություն է տվել Գասպարյանին և ո՛ւմ հետ հանդիպելու թույլտվություն չի տվել:

«Ինքը գիտեր, որ ինքն ու բոլոր բարձրաստիճան սպաները իրավունք ունեն քաղաքական շփումներ ունենալ միայն իմ թույլտվության պարագայում: Գիտեմ, որ ձեզ հետ հանդիպել է, ես թույլ եմ տվել: Ես այդ ամեն ինչը տարբերում եմ և գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում»,- նշեց Փաշինյանը:

1lurer.am

 

923