ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Լիբանանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանի հետ: Հանդիպմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Արթուր Մանուկյանը և Հակոբ Ասլանյանը:

Մխիթար Հայրապետյանը երախտագիտություն է հայտնել Լիբանանի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին ներկայացուցչական կազմով մասնակցելու համար: Ընդգծելով երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ նա նշել է, որ Եղեռնից հետո հյուրընկալ Լիբանանը հայրենազրկված հայերի համար դարձավ երկրորդ հայրենիք: «Ի նշան երախտագիտության՝ հայերն իրենց ներդրումն ունեցան Լիբանանի քաղաքական, մշակութային եւ սոցիալական կյանքի տարբեր ոլորտներում: Լինելով այդ պետության լիարժեք ինտեգրված քաղաքացին՝ հայը պահպանում է իր ինքնությունն ու ազգային կերպարը»,- ասել է Հայրապետյանը: Նա համոզված է, որ ինչպես դժվարին ժամանակներում, այնպես էլ լուսավոր ապագայում երկու ժողովուրդները սատարելու են միմյանց:

Մխիթար Հայրապետյանը բարձր է գնահատել Լիբանանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Նա կարևորել է պատշաճ գնահատականն Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի վերաբերյալ: Ըստ պատգամավորի՝ այդ օրերին հայ ժողովուրդը մշտապես զգացել է բարեկամ Լիբանանի աջակցությունը:

Վարդինե Օհանյանն իր հերթին ընդգծել է, որ հայ-լիբանանյան կապերը պայմանավորված են երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններով, որտեղ առանցքային դեր ունի լիբանանահայ համայնքն իր ստեղծարար աշխատանքով:

Անդրադարձ է կատարվել կոնկրետ ծրագրային փոխգործակցությանը, մասնավորապես՝ գործադիրի մակարդակով համագործակցության համատեղ փաստաթղթի ստորագրմանը: Այս առումով Մխիթար Հայրապետյանը վստահեցրել է, որ իր գլխավորած հանձնաժողովն ունեցած իրավասության շրջանակում հուսալի գործընկեր է:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել կրթական բարեփոխումների, հայապահպանությանը միտված ծրագրերի իրականացման, մշակութային կապերի ամրապնդման, Շախմատի ֆեդերացիաների համագործակցության շուրջ:

206