Ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի` 2018-ի հուլիսին ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից հաստատվել է Հայաստանի Առաջընթացի առաջին հաշվետվությունը` ՀՀ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ տրված հանձնարարականների կատարման մասով: ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից արձանագրվել է, որ թեեւ բացահայտված տեխնիկական թերությունների վերացման ուղղությամբ Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց, այդուհանդերձ դեռեւս առկա են ՖԱԹՖ-ի հանձնարարականների իմպլեմենտացման որոշ թերություններ: Մեր երկիրը շարունակական քայլեր է ձեռնարկում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի համակարգը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Նշվեց, որ նախագծով սահմանվել է հաշվետվություն տրամադրող անձանց կողմից լիազոր մարմնի հանձնարարականների ստացման մասին հաճախորդիներին կամ այլ անձանց հայտնելու արգելքը: Նշված դրույթի նախատեսումն ուղղված է լիազոր մարմնի հանձնարարականների, այդ թվում` կասկածների չբացահայտման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը:

Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունների շարքից հանվել եւ ՖԴԿ-ին է վերապահվել կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու իրավասությունը` հաշվի առնելով միջոցների հնարավոր արտահոսքի կանխարգելման առավել արդյունավետ իրականացման, այդ թվում` քրեական հետապնդման մարմինների հետ համագործակցության շրջանակում քրեական գործի հարուցման եւ գույքի վրա կալանք դնելու հետագա գործընթացին արագ օժանդակելու անհրաժեշտությունը:

Հստակեցվել են գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը մերժելու կամ դադարեցնելու դրույթները, ներառյալ` ընթացիկ պատշաճ ուսումնասիրության իրականացման անհնարինության դեպքում գործարար հարաբերության դադարեցման պահանջի հետ կապված: Լրացուցիչ կարգավորման են ենթարկվել քրեական հետապնդման մարմիններին տեղեկությունների տրամադրմանն առնչվող հարաբերությունները:

ՀՀ ԿԲ փոխնախագահի հավաստմամբ` նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել ոլորտի օրենսդրության պահանջների կիրարկման պրակտիկան:

Պատգամավորները բարձրաձայնեցին բազմաթիվ հարցեր, որոնք հիմնականում առնչվում էին ՓԼ/ԱՖ դեմ պայքարում ժամանակակից օրենսդրության ներդրումը ՀՀ-ում, միջազգային կառույցների եւ ԵԱՏՄ երկրների հետ գործակցությանը: Ի պատասխան` Ներսես Երիցյանը նշեց, որ Ռուսաստանն ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում լրջագույն դերակատարում ունի: ՓԼ/ԱՖ դեմ պայքարում բարձր ցուցանիշներ է գրանցել նաեւ հարեւան Վրաստանը:

ԱԺ պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը, հարակից զեկույցում կարեւորելով օրինագծի ընդունումը, գործընկերներին կոչ արեց կողմ քվեարկել:

Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:   

163