ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբի անդամներ Էդմոն Մարուքյանը, Սոս Ավետիսյանը եւ պատգամավոր Մարիա Կարապետյանն ապրիլի 27-ին հանդիպեցին Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը շնորհակալություն հայտնեց բարոնուհուն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի օրերին հայ ժողովրդի կողքին լինելու, ինչպես նաեւ այս օրերին Հայաստանում գտնվելու եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:

Հայ խորհրդարանականները ներկայացրին հետպատերազմյա իրավիճակը Հայաստանում եւ պատերազմի հետեւանքով առաջացած խնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվող միջոցառումները:

Մակունցը նշեց, որ պատերազմից հետո առաջացած քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը. «Ինչպես գիտեք, ապրիլի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, առաջիկայում նաեւ կարձակվի խորհրդարանը` հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար»:

Հանդիպման ընթացքում ԱԺ պատգամավորներն ընդգծեցին բոլոր միջազգային գործընկերների աջակցության կարեւորությունը հայ ռազմագերիների վերադարձի հարցում: Նշվեց, որ Ադրբեջանը չի կատարում եռակողմ հայտարարության 8-րդ կետով ամրագրված իր պարտավորությունը, համաձայն որի՝ ռազմագերիները եւ այլ պահվող անձինք պիտի անհապաղ հնարավորություն ստանային վերադառնալու իրենց հայրենիք «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Հայ խորհրդարանականները խնդրեցին, որ բարոնուհի Քոքսը նաեւ իր անձնական կապերը ներդնի ի նպաստ այդ հարցի լուծմանը: 

492