Ներկայումս  Հայաստանի Հանրապետությունում է գտնվում շուրջ 6300 արցախցի տեղահանված ընտանիք՝  25 հազար քաղաքացի։

Armenpress.am հաղորդմամբ՝ այս մասին նշել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ  շտաբի պետ Միքայել Վիրաբյանը՝  Դիլիջանում կայացած «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով քննարկման ընթացքում։ «Օպերատիվ  շտաբի համար շարունակում է գերխնդիր մնալ  արցախցիներին ժամանակավոր կացարանների տրամադրումը և ժամանակավոր զբաղվածության ապահովումը։ Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիների ժամանակավոր կացության և կենցաղային պայմանների ապահովման հարցը աստիճանաբար ու համակարգված լուծվում է, թեկուզ  այն հեռու է իդեալական լինելուց։

Չնայած գործող սոցիալական ծրագրերին, կարծում եմ, այս երկու խնդիրները պետք է շեշտադրվեն»,- ասաց Վիրաբյանը՝ նշելով  ցանկալի է  համատեղ աշխատանքի ընթացքում քննարկել «Աշխատանք՝ արցախցուն» նախաձեռնությունը, որը կհետապնդի կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակներ։ «Առաջինը՝ օգնել մեր արցախցի հայրենակիցներին աշխատանք գտնելու Հայաստանի տարբեր մարզերում և հոգալ իրենց ընտանիքների կարիքները, և երկրորդ՝ մեր հայրենակիցներին զինել սոցիալական, ձեռնարկատիրական, փոքր ու միջին բիզնես սկսելու, զարգացնելու և այլ հմտություններով՝ Արցախ վերադառնալուց հետո իրենց օջախները շենացնելու ու զարգացնելու համար»,- նկատեց Վիրաբյանը՝  ընդգծելով ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում  համախմբված ու միասնական աշխատանքի անհրաժեշտությունը։

 

853