ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը կարևորել է հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցության դինամիկ զարգացումը և համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունն ունի ակտիվացման և զարգացման մեծ ներուժ։ Առանձնացվել են համագործակցության հետևյալ ոլորտները՝ առևտուր, բարձր տեխնոլոգիաներ, արևային պանելների արտադրություն, զարդերի արտադրություն և գյուղատնտեսություն։

Քննարկվել է երկու երկրներում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող առաջադեմ ընկերությունների միջև համագործակցության հեռանկարները և նախանշվել են դրանց ամրապնդման ու ընդլայնման նպատակով համատեղ ֆորումների ու գործարար համաժողովների կազմակերպման հնարավորությունները։

Վահան Քերոբյանը բարձրացրել է երկու երկրների միջև լոգիստիկ խնդիրների առկայության հարցը, որը խոչընդոտում է առևտրա-տնտեսական հարաբերությունների արագ զարգացման գործընթացին։ Դեսպան Բոլատ Իմանբաևը տեղեկացրել է, որ  Հայաստանի և Ղազախստանի քաղաքական խորհրդակցությունների ընթացքում, երկուստեք կարևորվել են Երևան-Նուր-Սուլթան-Երևան ուղիղ ավիաչվերթի վերաբացումը։ Այդ համատեքստում կարելի է դիտարկել Հայաստանում մեծածախ լոգիստիկ կենտրոնի հիմնումը։  

Հանդիպման ավարտին  ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վ․Քերոբյանը և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը պայմանավորվեցին՝ իրենց լիազորությունների շրջանակներում նպաստել երկու երկրների միջև արդյունավետ և ակտիվ համագործակցությանը։ Համագործակցության ուղղությունների շուրջ քննարկումները և դրանց իրականացմանն ուղղված աշխատանքները կկրեն շարունակական բնույթ, ինչի մասին պարբերաբար կիրազեկենք հանրությանը։

03 Մայիս, 2021 15:02
150
; ;