
«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Օնիկ Գասպարյանը նշում էր, որ Շտաբի պետ նշանակվելուց հետո Անվտանգության խորհրդին ներկայացրել է զեկույց տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ու առաջարկել է դիվանագիտական-քաղաքական քայլեր ձեռնարկել. հունիսի 19-ի ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանը զեկույց չի ունեցել: Օնիկ Գասպարյանը տարածաշրջանի վերաբերյալ առաջին զեկույցն ունեցել է օգոստոսի 21-ի ԱԽ նիստում: Իր զեկույցում դիվանագիտություն բառ չկա։ Օնիկ Գասպարյանը պատերազմից հետո կարևոր ներքաղաքական գործընթացների մեջ է ներգրավված եղել ու որևիցե անգամ պարզաբանումներ չի տվել»,- ասաց Արմեն Գրիգորյանը՝ հավելելով. «Օնիկ Գասպարյանն արդեն պատերազմի ընթացքում՝ սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում իր զեկույցում նշել է, որ Ջաբրայիլի ուղղությամբ հայկական կողմը հաջողություններ է ունեցել, ու թշնամին որևէ առաջընթաց չի ունեցել: Եթե ասել է՝ որևէ առաջընթաց, ԱԽ անդամները կարող են հասկանալ, որ դիրք չենք զիջել ու այս կոնտեքստում ու դրանից առաջ, երբ օգոստոսին ասվել է, որ թշնամուն ջախջախելու ենք, տրամաբանությունը հուշում է, որ զեկույցն ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ էր»,- նշեց Գրիգորյանը: