Մայիսի 6-ին, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Ողջունելով իր գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը գոհունակություն է հայտնել  դաշնակից Ռուսաստանի հետ ակտիվ քաղաքական երկխոսութան, փոխգործակցության բոլոր ոլորտները կարգավորող ծանրակշիռ իրավապայմանագրային դաշտի առնչությամբ և ընդգծել հայկական կողմի շահագրգռվածությունը՝ խթանելու երկկողմ հարաբերություններն այնպիսի մեխանիզմների հետևողական գործունեության միջոցով, ինչպիսիք են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, միջխորհրդարանական հանձնաժողովը, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արա Այվազյանը կարևորել է միջնորդական մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների`  ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը:

Որպես հրատապ հասցեագրում պահանջող խնդիրներ՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնացրել է Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումը, տեղահանված անձանց՝ իրենց բնակավայրերը վերադառնալու համար տարրական պայմանների ստեղծումը, բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրումը և Արցախի տնտեսության վերականգնումը, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած պատմական և մշակութային ժառանգության պահպանման խնդիրը:

Հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ստորագրել են  ՀՀ և ՌԴ միջև փոխըմբռնման Հուշագիր կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով:

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը հետևել է կողմերի համատեղ մամուլի ասուլիսը:

Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ուղեկցությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև «Հաղթանակ զբոսայգի» և ծաղիկներ զետեղել  Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված անմար կրակի հուշարձանին։

577