ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այսօր Երևանում հնչած կրակոցներից: Մասնավորապես կրակոցներից սպանվածն ու վիրավորված անձը հարազատ եղբայրներ են: Սպանվածը Հովհաննեսն է, իսկ վիրավորը Կարենը: Վերջիններս մոտ մեկ ամիս առաջ էին եկել Ավստրիայից: Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վերջիններս նաեւ մոտ ժամանկներս պատրաստվում էին գնալ ԱՄՆ, քանի որ Գրին քարտ էին շահել: Իսկ ինչու են կրակել նրանց վրա՝ իրավապահները դեռեւս փնտրում են պատճառները:

Հիշեցնենք, որ այսօր՝ shamshyan.com-ը գրել էր, որ մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 06:30-ից 07-30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ Մոլդովական փողոցի 1-ին և 3-րդ շենքերի հարևանությամբ՝ ճանապարհին, հայտնաբերել են տղամարդու դի:

Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և դեռևս չճշտված ատրճանակից կրակված և չկրակված պարկուճներ, արնանման հետքեր:

08 Մայիս, 2021 15:15
395
; ;