Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի մասին պատմող գրքի շնորհանդեսը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի հրատարակումն Ալենի ընկերների և ծնողների նախաձեռնությունն է։ Այն կոչվում է «Բոլորիս Ալենը»։ Այստեղ տեղ են գտել Ալենի ընկերների, հարազատների, ուսուցիչների, դասախոսների սրտի խոսքերը։

Գիրքը հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը։

Գիրքը անգամ մակագրված է Ալենի ձեռագրով ու գրված հենց իր մտքերից մեկը՝ «Հուսով եմ մի օր բոլորը կհասնեն մտքի այն հասունությանը, որ գիրք նվեր ստանալուց մեր պես ուրախանան»։

Գրքի համահեղինակ, Ալենի մտերիմ ընկերներից մեկը՝ Շողակաթը, պատմեց այդ մակագրության նախապատմությունը՝ պատերազմական ծանր օրերին նա բազմիցս թերթել է Ալենից նվեր ստացած գրքերը, որոնց վրա երկտողեր կային։

«Կարծեցի, որ բոլորն էլ կցանկանային, որպեսզի Ալենի մակագրությամբ լինեին իր մասին պատմող գրքերը և որոշեցի առաջարկել, որպեսզի բազում մակագրություններից մեկը տեղադրել գրքի սկզբում։ Այդպիսով, յուրաքանչյուր ոք, ով ձեռք կբերի Ալենի մասին պատմող գիրքը, կունենա նաև նրանից մի մասնիկ»,- նշեց ընկերը։

Նա շեշտեց, որ Ալենի անունն արդեն վաղուց դարձել էր գրքի հոմանիշ, դրա համար մտածել էին, որ նրան նվիրված գիրք ստեղծելուց ավելի լավ մտահղացում չի կարող լինել։

«Երկար ամիսների աշխատաքով ստեղծել ենք այս գիրքը, որտեղ չկա չափազանցվածություն, ավելորդ հուզականություն, դրամատիկ և վերամբարձ խոսքեր։ Այստեղ տեղ են գտել Ալենի մասին պատմող ջերմ խոսքեր, լուսավոր ու անկեղծ հուշեր»,- նշեց Շողակաթը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

08 Մայիս, 2021 22:55
674
; ;