Երեւանի Կենտրոնի թաղապետարանում այսօր տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից հետո ձերբակալվել են փոխթաղապետ Արմեն Ազիզյանն ու գլխավոր մասնագետ Արման Դավոյանը, գրում է armtimes.com-ը:

ՀՀ ոստիկանությունից կայքի հարցին ի պատասխան ասացին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) և 258-րդ հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հատկանիշներով: «Քրեական գործի շրջանակներում երկու անձ ձերբակալվել է»,- ասացին ոստիկանությունից:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ armtimes.com-ի հետ զրույցում մանրամասնեց, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքի կատարման կասկածանքով: Իսկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 309 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի  կատարման կասկածանքով: «Քրեական գործով համապատասխան գործողությունները շարունակվում են, միջադեպի այլ մասնակիցների, կատարվածի ամբողջական հանգամանքների պարզման ուղղությամբ»,- ասաց Գոռ Աբրահամյանը: 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Կենտրոնի թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը ծեծի էր ենթարկվել: «Մոտ 15 հոգով խփում էին, արդեն չէի հասկանում, թե ովքեր են ու ինչ է կատարվում: Բայց գլխավոր դերում Արմեն Ազիզյանն ու Արմեն Դավոյանն էին, մնացածն էլ կողքից աջակցում էին: Ասում էին՝ կա՛մ ազատման դիմում գրի գնա, կա՛մ ազատի աշխատասենյակը: Ասացի, որ չեմ գնալու, բռնի ուժի դիմեցին, համակարգիչս ջարդեցին, իրերս էին դուրս հանում»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնել էր Մարգարյանը:

2113