Մայիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ 

 

Արտակ Ապիտոնյանը հանգամանալից կերպով ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներխուժման հետևանքով ստեղծված իրադրությունը և դրա հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

 

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց, որ նշված սադրիչ գործողությունները շարունակությունն են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հռետորաբանության, որը զուգակցվում է մայիսի 16-ին Ադրբեջանում մեկնարկած զորավարժություններով, որոնք անցկացվում են առանց նախապես տեղեկացման և 2011 թ․ Վիեննայի փաստաթղթի պահանջների խախտմամբ։

 

Արտակ Ապիտոնյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ կոպիտ խախտումները լուրջ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար, և այդ համատեքստում Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության համապատասխան արձագանքը: «Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության»,- ավելացրեց ԱԳ նախարարի տեղակալը։

1136