
Այսօր մեր գործընկեր Սոնա Դավթյանի ծննդյան օրն է. կդառնար 33 տարեկան: Սոնան Araratnews.am-ում երկար տարիներ է աշխատել: Խմբագրության լավագույն լրագրողներից էր` պարտաճանաչ, աշխատասեր, պատասխանատու, այդ ամենի հետ մեկտեղ հայրենասեր ու կատակասեր: Դժվար է առանց Սոնայի։
Նրա տեղը այդպես էլ դատարկ մնաց մեր հոգում ու սրտում: Բայց Սոնան միայն ֆիզիկապես մեր կողքին չէ: Խմբագրությունում ինչ-որ մի հարցի քննարկման ժամանակ միշտ «հաշվի ենք առնում» Սոնայի կարծիքը, հիշելով` Սոնան այ այսպես կասեր, կամ այս կարծիքին էր...
Իր լրագրողական գործունեության ընթացքում բազմաթիվ հասարակական ու սոցիալական խնդիրներ է վեր հանել, օգնել է մարդկանց գտնել լուծումներ:
Սոնան սիրված ու հարգված էր ինչպես գործընկերների, այնպես էլ հասարակական ու քաղաքական գործիչների կողմից:
Ցավոք, 2020 թվականի նոյեմբերի 13-ին չարաբաստիկ ավտովթարն ընդհատեց մեր սիրելի գործընկերոջ կյանքը, շատ ծրագրեր մնացին անավարտ, շատ երազանքներ` չիրականացված: