Մայիսի 13-ի երեկոյան հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով 42-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել։ Հիվանդանոցում կատարվածի վերաբերյալ տուժածից որևէ մանրամասն հնարավոր չեղավ Ճշտել։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Ոստիկանությունը:

Ըստ բժշկի՝ տրավմատիկ շոկի էր ենթարկվել և ի վիճակի չէր բացատրություն տալու։ Հարազատներն էլ վստահեցնում էին, որ չգիտեն՝ որտեղ և ինչպես է ստացել վնասվածքը։

Տղամարդը Խնձորեսկ գյուղից էր, ըստ նախնական վարկածի՝ դեպքը գյուղում էր եղել։ Օպերատիվ խումբը Խնձորեսկ մեկնեց։ Քրեական հետախույզները հարցումներ էին անցկացնում, երբ բաժնում մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ նոր ահազանգ ստացվեց. ճակատի այտուցներով, դարձյալ Խնձորեսկից, 46-ամյա տղամարդ էր բուժօգնության դիմել։ Նա հայտնել էր, որ գյուղում ընկել է:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում իրավապահները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Ներքին Խնձորեսկ գյուղի վարչական տարածքում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, հիվանդանոց դիմած 46-ամյա տղամարդն էր 42-ամյա համագյուղացուն դանակահարել։ Նա բուժհաստատությունից տեղափոխվեց ոստիկանության Գորիսի բաժին և ներկայացվեց տարածքային քննչական մարմնին։

Տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք:

Քննությունը շարունակվում է։

788