2020-ի նոյեմբերի 9-ից հետո վերակենդանացման հույսեր փայփայող քաղաքական շրջանակները լծվել են ադրբեջանական ագիտպրոպի սայլին։ Իշխանության հասնելու մոլուցքից կուրացած «փրկիչները» ջուր են լցնում թշնամի պետության ջրաղացին՝ շարունակելով ավելացնել մեդիատեռորի դոզան սեփական ժողովրդի հանդեպ։ Որքան մոտենում է հունիսի քսանին նախանշված ընտրությունների օրը, այնքան նրանք ավելի ցայտուն են ցույց տալիս իրենց քաղաքական սնանկությունն ու ժողովրդի հետ խոսելու անկարողությունը։ Օգտագործելով տարբեր մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ և արդյունքի չհասնելով՝ «փրկիչները» սահմանի, զինվորի և քաղաքացու անդորրի հաշվին մի քանի էժան քաղաքական դիվիդենտ շահելու վերջին ապարդյուն ճիգերն են գործադրում։ Ասվածի վկան Սյունիքում և Վարդենիսում կազմակերպված ադրբեջանական սադրանքի ինֆորմացիոն գծի հետևողական տարածումն է հայկական մեդիա տիրույթում։ Փաստերն առավել քան խոսուն են։ Օրվա իշխանություններին քառասունչորսօրյա պատերազմը չկանխելու մեջ մեղադրողները սկզբում դեզինֆորմացիա են տարածում զինված բախման, զոհերի ու վիրավորների մասին՝ քաջ գիտակցելով այս փուլում մեկ փամփուշտ կրակելու կործանարար գինը, այնուհետև մեղադրում նույն իշխանություններին ուժի չդիմելու և հարցը դիվանագիտական ճանապարհով լուծել փորձելու մեջ։

Ինֆոտեռորի երկրորդ ալիքը իբր բանակցությունների արդյունքում Սյունիքում ադրբեջանական դիրքեր դնելու թույլտվության համաձայնությունն էր։ Դե էլ ինչ ինֆորմացիոն դիվերսիա առանց ֆեյսբուքյան հայտնի օգտատիրոջ երրորդ արարի՝ փազլի վերածած աշխատանքային փաստաթղթի հրապարակման, որի հետագա ամբողջական, տառացի հրապարակումը ևս մեկ անգամ մերկացրեց պետականության հիմքերում ականներ շարելու տեխնոլոգիայով գոնե չնչին արդյունք ապահովելու միտումը։

Անգամ Հայրենիքի գնով ձեր կաշին փրկելու պատրաստ «փրկիչնե´ր», ՀՀ քաղացու հիշողությունը դեռևս ոչ ոք չի ջնջել, և եթե ինչ-ինչ պատճառներով դուք դեռևս վայելում եք ազատությունն ու փորձում ավարտին հասցնել ձեր ազգակործան, 2018-ից կիսատ մնացած գործը, վստահ եղեք, որ ժողովուրդն արդեն երկրորդ և վերջին անգամ քաղաքակիրթ ընտրության միջոցով ձեզ անվերադարձ ուղարկելու է պատմության աղբանոցը, քանզի դուք չօգտվեցիք նույն այդ ժողովրդի կողմից ձեզ տրված ապաշխարելու հնարավորությունից և ընտրեցիք անփառունակ վախճանի ճանապարհը։

Արամ Սիմոնյան

17029