Իրանում մտահոգված են վերջին երկու շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող սրացումներով և հույս ունեն, որ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կստանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Իրանի Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպման ընթացքում:
«Շատ մտահոգված ենք վերջին 2 շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սրացումներով: Մենք զգուշացրել ենք, որպեսզի զսպվածություն ցուցաբերվի: Կոնկրետ այս այցի նպատակն այն է, որպեսզի օգտակար լինեմ նման սրացումները լուծելու հարցում: Ես երեկ շատ հանգամանալից զրույց եմ ունեցել Ադրբեջանում, այսօր շատ կարևոր հարցերի մասին զրույց եմ ունեցել ձեզ հետ, դրանից հետո կհանդիպեմ նաև վարչապետի և նախագահի հետ և հուսով եմ, որ կկարողանանք վերջին ժամանակահատվածում սրված իրավիճակը հանգուցալուծելու տարբերակներ գտնել: Մենք ընդգծել ենք և դարձյալ ընդգծում ենք՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն են»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը:
Նա հույս է հայտնել, որ տարածաշրջանը կայունության, համագործակցության և ընդլայնված կապերի հաստատման ուղղությամբ կընթանա:
Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծել է, որ Հայաստանը միշտ եղել է շատ լավ հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար: «Երկկողմ հարաբերությունների շրջանակում շատ ջանքեր են գործադրվել, և այս վերջին երկու օրվա ընթացքում նաև Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն էր գտնվում Հայաստանում և այդ շրջանակում շատ արդյունավետ համաձայնություններ են ձեռք բերվել: Հարավային Կովկասը մեզ համար կենսական նշանակություն ունի և ազգային անվտանգությունը խաղաղության և կայունության պահպանումն է տարածաշրջանում: Իրանի եղել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը: Մենք այս քաղաքականությունը շարունակում ենք և հարգում ենք բոլոր երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- նշել է նա:
Իրանի ԱԳ նախարարը հավելել է, որ ԼՂ հակամարտության ընթացքում աշխատել են օգտակար լինել հարևաններ Ադրբեջանին և Հայաստանին, որպեսզի ճգնաժամը խաղաղ լուծում ստանա: «Մենք հարգել ենք այդ երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, այդ երկրների ժողովուրդների իրավունքները: Այս նոր ճգնաժամի ընթացքում հատուկ ջանքեր ենք գործադրել, որպեսզի մեր դերակատարումը ունենանք ճգնաժամի լուծման համար, այդ իսկ պատճառով մեր հատուկ բանագնացին՝ ԱԳ նախարարի տեղակալին, գործուղեցինք տարածաշրջան»,- ասել է Զարիֆը: