Բելգիայի խորհրդարանը միաձայն ընդունեց բոլոր հայ գերիների ազատ արձակումը պահանջող հրատապ բանաձև

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը մայիսի 27-ին միաձայն ընդունել է «Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի վերաբերյալ՝ ի կատարումն 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության» բանաձև:

Խիստ մտահոգություն հայտնելով առ այն, որ Ադրբեջանը տակավին չի կատարել հրադադարի մասին հայտարարությամբ ստանձնած իր հանձնառությունը՝ գերիների փոխանակման վերաբերյալ, բանաձևը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել դեռևս գերության մեջ գտնվող բոլոր հայերին՝ ներառյալ քաղաքացիական անձանց համաձայն հրադադարի մասին 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի և Ժնևյան կոնվենցիաների դրույթների:

Բանաձևը, խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ իրագործվող խոշտանգումների փաստագրված դեպքերը, պահանջում է Ադրբեջանի իշխանություններից քննության առնել դրանք և պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ հստակ շեշտելով միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք իրագործումը, ինչպես նաև խոշտանգումների և այլ անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորումների բացառումը:

Բանաձևը նաև պահանջում է Բելգիայի դաշնային կառավարությունից համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ աջակցելու Ադրբեջանում մնացած բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակմանը և անվտանգ վերադարձի ապահովմանը: Կառավարությանը կոչ է արվում սերտորեն համագործակցել այս առումով նաև համապատասխան միջազգային կառույցների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ երաշխավորելու Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը, ինչպես նաև ապահովելու ԿԽՄԿ ավելի հաճախակի այցելությունները գերեվարված անձանց՝ համոզվելու համար, որ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը պատշաճ կերպով կիրառվում են:

Բանաձևը նաև կոչ է անում կառավարությանը շարունակել աջակցել հակամարտության խաղաղ և կայուն քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, այդ թվում որոշելու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը՝ ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա:

Բանաձևն անդրադառնում է նաև ադրբեջանցի զինվորների ներխուժմանը Հայաստանի տարածք և կոչ անում Բելգիայի կառավարությանը պահանջելու Ադրբեջանի իշխանություններից դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից, պահպանել հրադադարի ռեժիմը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Բանաձևը նաև կարևորում է միջազգային կառույցների ներգրավումը և հրատապ աջակցությունը՝ ուղղված Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ռազմական ագրեսիայի ծանր և տագնապալի հումանիտար հետևանքների վերացմանը:

273