Հունիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվեցին «ՀՀ 2020թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը ներկայացրեց բյուջետային փաստաթղթի կազմման հիմնական առանձնահատկությունները եւ իրականացրած ծրագրերի տրամաբանությունը: Թեպետ հաշվետու տարվա համար տնտեսական զարգացման ոլորտային քաղաքականությունը եւ հարկաբյուջետային շրջանակը կառուցվել են Կառավարության ծրագրի առաջնահերթությունների հիման վրա, սակայն  կորոնավիրուսի համավարակը եւ Արցախյան պատերազմը նոր մարտահրավերներ ու խնդիրներ են առաջացրել:

«Այդ պայմաններում ծրագրային դրույթների կատարմանը զուգահեռ գերակա դարձավ շոկային իրավիճակով պայմանավորված սոցիալ-տնտեսական բացասական հետեւանքները մեղմելու անհրաժեշտությունը»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

Զեկուցողի խոսքով՝ չնայած համաշխարհային եւ տարածաշրջանային խորքային ցնցումներին՝ մեր երկրում ձեւավորված պետական ինստիտուտների կայացածությունը հնարավորություն է ընձեռել իրականացնելու շրջահայաց մակրոտնտեսական քաղաքականություն եւ համարժեք հակաճգնաժամային միջոցառումներ՝ պահպանելով դրամավարկային եւ հարկաբյուջետային կայուն միջավայրը:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ անցյալ աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողություններն իրենց ազդեցությունն են ունեցել 2020-ի բյուջեի կատարման ինչպես ընթացքի, այնպես էլ արդյունքների վրա. «Այդուհանդերձ, մեզ հաջողվել է ինստիտուցիոնալ առումով պահպանել բյուջետային գործընթացի տրամաբանությունը, եւ մենք գործնականում չենք ունեցել որեւէ չիրականացրած աշխատանք, որը կապված կլիներ բյուջեի հետ»:

Հաշվետու տարվա ընթացքում ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքելու համար անհրաժեշտություն է եղել Կառավարությանը վերապահված լիազորություների շրջանակում անդրադառնալու առաջնահերթությունների վերանայմանը եւ ըստ այդմ՝ փաստաթղթում փոփոխությունների իրականացմանը, որոնք չեն պահանջել օրենսդրական վերանայումներ:

Ըստ զեկուցողի՝ տարվա ընթացքում վերանայվել է հարկաբյուջետային քաղաքականությունը՝ այն համապատասխանեցնելով տնտեսական անկման ժամանակահատվածին:

63.5 տոկոս է կազմել Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, բյուջեի դիֆիցիտը՝ շուրջ 5 տոկոս: «Պետական բյուջեի պակասուրդը եւ Կառավարության պարտքը կրկին Հայաստանի համար չեն ունեցել բացառիկ զարգացում: Աշխարհի բոլոր երկրները գործնականում ունեցել են համանման իրավիճակ»,-ընդգծեց Ջանջուղազյանը:

2020-ին ՀՀ տնտեսությունը, կրելով համավարակի եւ Արցախյան պատերազմի բացասական ազդեցությունները, նվազել է՝ տարեկան արդյունքներով գրանցելով իրական ՀՆԱ-ի 7.6 տոկոս անկում: Ընդ որում, ՀՆԱ-ի անկումը պայմանավորված է եղել տնտեսության բոլոր ճյուղերի՝ ծառայությունների, գյուղատնտեսության, շինարարության եւ արդյունաբերության համապատասխանաբար 10.1 տոկոսով, 4.0 տոկոսով, 6.6 տոկոսով եւ 1.5 տոկոսով անկմամբ: Սպառման նվազումը կազմել է 10.2 տոկոս, հիմնական միջոցներում համախառն կուտակումը նվազել է 8.6 տոկոսով, արտահանումը՝  31.4 տոկոսով, ներմուծումը՝ 32.1 տոկոսով:

Ընթացիկ հաշվի պակասուրդը բարելավվել է՝ կազմելով ՀՆԱ-ի 3.1 տոկոսը՝ ի հաշիվ ներմուծման ավելի առանջանցիկ կրճատման, քան արտահանման:

Հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 561 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 895 մլրդ դրամ: Արձանագրվել է 334 մլրդ դրամի պակասուրդ:

Անդարադառնալով պետական պարտքի մակարդակին՝ զեկուցողը տեղեկացրեց, որ այն կազմել է 7 մլրդ 968 ԱՄՆ դոլար:

Հաշվետվության վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը ներկայացրեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Հակացիկլիկ հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2020-ի հարկաբյուջետային քաղաքականությունն ունեցել է խթանող ազդեցություն համախառն պահանջարկի վրա եւ հարկաբյուջետային ազդակը կազմել է 5: Հաշվետու տարում հարկաբյուջետային եւ դրամավարկային ընդլայնող քաղաքականությունների արդյունավետ համադրման շնորհիվ հնարավոր է եղել ապահովել մակրոտնտեսական կայունություն:

Հաշվետվության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի դրական եզրակացությունը ներկայացնելով՝ Լեւոն Յոլյանը բարձրաձայնեց մի շարք խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Նշվեց, որ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող բաժնետիրական ընկերությունների, հիմնադրամների ու ՀՈԱԿ-ների հաշիվները դեռեւս շարունակում են մնալ առեւտրային բանկերում, չեն շրջանառվում գանձապետական միասնական համակարգով: Զեկուցողի գնահատմամբ՝ դա չի բխում հանրային միջոցների կառավարման թափանցիկության եւ վերահսկելիության պահանջներից: Հաշվեքննիչ պալատի նախագահն ակնկալում է, որ այս խնդրի ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն:

Եկամուտների պլանավորման եւ հետագա հաշվետվողականության գործընթացի արդյունավետության բարձրացման համար պալատն առաջարկում է օրենսդրորեն ամրագրել եւ պետական բյուջեին վերաբերող օրենքներում ու տարեկան հաշվետվություններում ներառել պլանավորված ցուցանիշները՝ ըստ եկամտատեսակների:

Յոլյանը խոսեց նաեւ ներքին աուդիտի ոլորտում առկա բացթողումների մասին:

1044