Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է: Վերջին 10 տարում այս ոլորտում կատարվող բարեփոխումներն ու իրականացվող ներդրումները ձեւավորել են որոշակի ենթակառուցվածք: Մարտին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ 2021 թվականին զբոսաշրջիկների 319% աճ է ակնկալվում։

2020-ի ՝ Covid 19-ով պայմանավորված լոքդաունից հետո զբոսաշրջության ոլորտն աստիճանաբար ոտքի է կանգնում։ Այսօր Երեւանի փողոցներում գրեթե ամեն քայլափոխի հանդիպում ենք զբոսաշրջիկների, որոնք հիմնականում սփյուռքահայեր են եւ ռուսներ։

Պարզելու, թե ինչպիսին է զբաղվածությունը հյուրանոցներում՝ մենք հարցախույզ անցկացրեցինք Երեւանի այդ հաստատություններում։

«Կորոնավիրուսային սահմանափակումների եւ հետպատերազմյան իրավիճակի հետևանքով նախորդ ամիսներին կարելի է ասել, համարյա չի եղել զբոսաշրջիկների ներհոսք։ Մարտ-ապրիլ ամիսներին ունեինք զբոսաշրջիկներ Իրանից։ Նրանք եկել էին Հայաստան՝ նշելու իրենց տոները։

Մայիս ամսից իրավիճակը փոխվել է՝ հյուրանոցում կա 90% զբաղվածություն։ Զբոսաշրջիկները հիմնականում Ռուսաստանից են»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց հյուրանոցներից մեկի տնօրենը։

Իսկ թե ինչու են ռուսները հանգիստն անցկացնելու համար ընտրել Հայաստանը, ճշտեցինք հենց իրենցից։

«Երբ Ռուսաստանը փակեց Թուրքիայի հետ սահմանները, մենք սկսեցինք փնտրել այլ երկիր, որն ուներ հետաքրքիր վայրեր, համեղ խոհանոց, ամեն ինչ՝ հանգիստը լիարժեք անցկացնելու համար։ Քանի որ վերջին ամիսներին շատ էինք լսել Հայաստանի մասին, որոշեցինք ընտրել հենց Հայաստանը ու չփոշմանեցինք»։

Ռուս զբոսաշրջիկները հիացած են Հայաստանի պատմական վայրերով, բնությամբ եւ, իհարկե, խոհանոցով՝ համտեսելով շատ հետաքրքիր համերով լի ուտեստներ։ «Հայերը շատ բարեհամբույր են մեզ հետ, այստեղ մենք զգում ենք, որ գտնվում ենք բարեկամական երկրում»,- մեզ հետ զրույցում ասաց ռուս զբոսաշրջիկը Սանկտ Պետերբուրգից։

Հայաստանում մեծ թվով զբոսաշրջիկների առկայությունը հույս է ներշնչում, որ այս տարի, նախորդ տարիների համեմատությամբ, պատկերն ամբողջովին այլ է լինելու։

Մարիամ Գեւորգյան

387