
«Հստակ՝ ինչից է եղել թունավորումը, դեռ հետազոտությունը ցույց կտա, նախնական տվյալներով՝ թունավորումը սննդային է։ Երեկ հիվանդանոց են տեղափոխվել 11 երեխա՝ 4-ը վերակենդանացման բաժանմունք, 7-ը մնացել էին ստացիոնարում։
Երեկոյան 18։00-ի սահմաններում երեխաներից մեկը ծնողների ստորագրությամբ գնացել է տուն, տնային խնամքի՝ մանկաբույժի հսկողության տակ։ Այս պահի դրությամբ հիվանդանոցում են 10 երեխա, որոնցից 4-ը դեռ վերակենդանացման բաժանմունքում են։
Օրվա ընթացքում, բնականաբար, կլինեն փոփոխություններ, որովհետեւ առավոտյան, բժիշկների խոսքով, բոլոր 10 երեխաների մոտ դեպի լավը փոփոխություն կա»,- այս մասին Araratnews-ին տեղեկացրեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ երեկ Երեւանի մանկապարտեզներից մեկի 11 սան՝ սրտխառնոց, փսխում եւ ընդհանուր թուլություն ախտանշաններով տեղափոխվել են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։
«Վիննի Պուխ եւ ընկերներ» մասնավոր մանկապարտեզում տեղի ունեցած թունավորման դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, այս մասին Araratnews-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
Ըստ առողջապահության նախարարության երեկվա տարածած հայտարարության՝ «Պատճառը պարզելու նպատակով մանկապարտեզում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն։ Լաբորատոր հետազոտության նպատակով իրականացվում են նմուշառումներ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են»։
Մարիամ Գեւորգյան