Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 16:30-ի սահմաններում, Դավիթ Բեկի պողոտայում, Mazda մակնիշի ավտոմեքենան՝ CPS բենզալցակայանի դիմաց, բախվել է բետոնե պատվանդանին և գլխիվայր շրջվել:

Shamshyan.com-ի տեղեկություններով վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի»:   Վիրավորին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:  

Փրկարարները հոսանքազրկել են մեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը, այնուհետև դարձի բերել այն:   Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:   Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ավագ տեսուչ Ա. Մարդոյանի գլխավորությամբ:  

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:  

Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:   Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:   Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

1027