Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիս է տվել։ Խոսել է աշխարհում ՆԱՏՕ-ի դերի մասին՝ նշելով, որ համաշխարհային կայունությունը պահպանելու հարցում աճել է ՆԱՏՕ-ի թե՛ վճռականությունը և թե պարտավորությունը, գրում է Ermenihaber.com-ը:

Այս համատեքստում Էրդողանը նշել է․ «ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է տեր կանգնեն հիմնադրման սկզբունքներին և դաշինքը պետք է ամրապնդեն։ Դաշինքը պետք է ակտիվ դեր ստանձնի ամեն տեղ, որտեղ ՆԱՏՕ-ի անվտանգության տանիքի կարիքը կզգացվի՝ սկսած Միջերկրականից մինչև Սև ծով, Եվրոպայից մինչև Ասիա։ Սա մի ժամանակահատված է, երբ պետք է ոչ թե խուսափել պատասխանատվությունից, այլ պետք է ձեռքը քարի տակ դնել»։

Այնուհետև նա անդրադարձել է Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններին և Թուրքիայի ՆԱՏՕ-ում դերակատարմանը։

Ըստ Թուրքիայի նախագահի՝ Հյուսիսատլանտյան դաշինքը նոր սպառնալիքերի դիմագրավմանն ադապտացվելուն զուգընթաց չպետք է հրաժարվի իր հիմնարար սկզբունքներից՝ մասնավորապես անվտանգության անբաժանելիությունից, համերաշխությունից և միասնականությունից։ Այս համատեքստում Էրդողանը հետևյալ շեշտադրումն է արել․

«Թուրքիան իր առաջնահերթությունները, զգայնությունները և արդարացի սպասումները՝ մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարի հարցում, ներկայացրել է դաշնակիցներին, սակայն այս հարցում մի հանգամանք եմ ցանկանում ընդգծել․ ցավոք, դեռ շարունակվում է այն մոտեցումը, որով ահաբեկչության հարցում խմբավորումների միջև տարբերություն է դրվում, լավ և վատ ահաբեկիչ տարանջատում է արվում (նկատի ունի այն, որ ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայի քրդական կառույցներին, որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում)։ Ակնհայտ է, որ նման երկիմաստ մոտեցումը չի կարող արմատախիլ անել ահաբեկչությունը, ընդհակառակը՝ խրախուսելու է ահաբեկչական կազմակերպություններին»։

Էրդողանն ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի դերը՝ նշելով, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում Թուրքիան ՆԱՏՕ անդամ միակ պետությունն է եղել, որ կարողացել է Սիրիայի հյուսիսն ամբողջությամբ մաքրել նրանցից։

Էրդողանը խոսել է նաև փախստականների հարցի վերաբերյալ՝ նշելով, որ այդ հարցում Թուրքիային աջակցելու մասին խոստումները հիմնականում չեն կատարվել։

Սիրիայում ունեցած դերին անդրադառնալուց հետո Էրդողանը խոսել է Լիբիայում ունեցած դերակատարման մասին, ինչպես նաև անդրադարձել արցախյան խնդրին։

«Լեռնային Ղարաբաղում 30 տարվա ուշացումից հետո արդարությունը հաղթեց, և տարածաշրջանում կրկին հույսեր արթնացան։ Բացվել են դռները դեպի նոր ժամանակաշրջան, որտեղ թշնամությանը կարող է փոխարինել խաղաղությունը, լարվածությանը՝ անդորրը, անկայունությանը՝ մնայուն խաղաղությունը։ Այս տեսանկյունից, մեր երկրի սահմաններից դուրս իրականացվող գործողություններին, որոնք նպաստում են նաև մեր դաշնակիցների անվտանգությանը, դաշինքի ուժեղ աջակցությունն անհրաժեշտություն է ավելի, քան սոսկ նախընտրություն: Հույս ունենք, որ մեր բոլոր դաշնակիցներն արդեն մի կողմ կդնեն իրենց մակերեսային քաղաքական հաշվարկները և լիարժեք համերաշխություն կցուցաբերեն Թուրքիային»:

Ելույթից հետո Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին, այդ թվում նաև հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը քննարկել են Հայոց ցեղասպանության հարցը։ Ի պատասխան Էրդողանը նշել է. «Փառք Աստծո, օրակարգ չի եկել»։

15 Հունիս, 2021 16:03
974
; ;