«Հերթական լկտի սուտն է, հերթական հորինվածքն է: Լավ, վերջը ՀՀ տարածքում մարդիկ իրենց հնարավորություններով, մտքի, ցանկությունների, օրենքի շրջանակներում իրավունք ունե՞ն գործեն, թե՞ ամեն անգամ պետք է մարդկանց բզկտեն, ստեր հորինեն: Գիտեք ինչ կա, չեմ ուզում անդրադառնալ նախկին բոլոր գործիքներին, որի իրավունքը չեն ունեցել և այդ գործիքները կիրառել են»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու Խաչատուր Սուքիասյանը` անդրառանալով իր հայտարարությունների համար թիրախավորվելուն, իր` ապաշրջափակման կողմ լինելուն, թե իբր բիզնես շահեր է հետապնդում:

«Ես վաղուց անձնական շահով չեմ դիտում, որովհետև անձնական շահով եթե դիտեմ, կարծում եմ, իմ սերունդները շատ վատ վիճակում կհայտնվեն: Ես ավելի շատ մտածում եմ Հայաստանի Հանրապետությանը ինչ է պետք,- ասաց Սուքիասյանը՝ անդրադառնալով նաև ապաշրջափակման թեմային օրինակներով. «Եվրոպայում բոլոր երկրները մեկը մյուսի համախառն ներքին արդյունքի մեջ մինիմում 15 տոկոս կորպորացիա ունի: Եվ դա ամենազսպող գործիքն է, որպեսզի նրանք մեկը մյուսին հարգեն: Հիմա, ես չգիտեմ, մենք տեսնում ենք՝ որտեղ ինչն է զարգացած, բայց մենք, չգիտեմ, ինչ ենք ուզում»:

Սուքիասյանը նաև պարզաբանեց, թե ինչու է մտել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակ. «Ես մտել եմ, որպեսզի ՀՀ-ն չունենա վերադարձ նախկին կառավարման ոճին, կառավարման ձևին, անարդյունավետ կառավարմանը, կոռումպացված կառավարմանը: Սա է նպատակը: Հակառակ դեպքում` ես դրա կարիքը չունեմ»:

Դիտարկմանը, թե նախկինների օրոք էլ կարողացել է բիզնեսով զբաղվել, Խաչատուր Սուքիասյանը հակադարձեց. «Դուք ինչու՞ եք իմ փոխարեն որոշում, որ լավ էր, իսկ ինչու՞ չեք հարցնում՝ ինչեր են խլել, ո՞նց չեն թողել աշխատենք, ի՞նչ հարաբերություններ են եղել: Մոլ բացելը ի՞նչ կապ ունի, ուրեմն ես իմ երկրում իրավունք չունե՞մ շարժվելու: Ես զարմանում եմ ձեզ վրա, ուրեմն ինձ պետք է էդ պահին նախագահը կամ ղեկավարը թույլ տա՞, որ ես իմ երկրում շնչեմ: Սա՞ է մեր մոտեցումը կամ ցանկությունը»:

Պատգամավորության թեկնածուն, անդրադառնալով  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանության գալու դեպքում իր գործադիրում լինելու մասին շրջանառվող լուրերին, նշեց, որ ՔՊ-ի հետ ԱԺ գնալը մեկ նպատակ ունի, որպեսզի ՔՊ-ն, այն բարեփոխումները, որոնք սկսել է, տանի շղթայված, տրամաբանական ավարտին: Իսկ փոխվարչապետի պորտֆելներից մեկն զբաղեցնելու առնչությամբ Սուքիասյանն ասաց, որ նման քննարկում չի եղել. «Եվ մի քանի անգամ ասել եմ՝ պաշտոնի քննարկում չի եղել, և ես դեմ եմ եղել»,- ասաց Սուքիասյանը և նշեց, որ ինքը չի ուզում փոխվարչապետի պաշտոն զբաղեցնել: 

Իսկ հարցին` արդյոք ինքը ֆինանսավորում է ՔՊ-ի քարոզարշավը, Խաչատուր Սուքիասյանը ասաց, որ ոչ` չի ֆինանսավորում:

Մանրամասները` տեսանյութում:

 

15 Հունիս, 2021 20:04
154
; ;