ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.

««Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված Շիրակի մարզի մի քանի համայնքի ղեկավարներ շարունակում են իրենց քաղաքական ուժի անօրեն ձեռագիրը: Տարբեր սպառնալիքներ են հնչեցնում իրենց համայնքի բնակիչներին, ահաբեկում են և խոստանում են հաշվեհարդար լինել հունիսի 21-ին, եթե իրենց քվեն չտան հօգուտ Քոչարյան Ռոբերտի։

Այսօր էլ ստիպողաբար համայնքային ենթակայության կառույցների աշխատակիցներին ուղարկում են Երեւան հանրահավաքի։

Սա հերթական և խայտառակ ամոթալի դրսևորումն է, որը նախկին իշխանությունների և նախկին բարքերի հստակ արտացոլումն է:

Հարկ եմ համարում հիշեցնել, որ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որեւէ եղանակով խոչընդոտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 1-3 տարի ժամկետով։

Իրավապահները եւս տեղեկացված են խնդրին»։

916