Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար և այն, ինչ կանխատեսել և  ասել էի իմ ընկերներին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայկական Վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Գրառմամբ նա նաև մի քանի եզրահանգումներ է առանձնացրել և որոշ հորդորներ տվել: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Շատերը թերևս հասկացան, որ կուսակցությունների նման մեծաթիվ մասնակցությունը,  առավել ևս առանց գաղափարական և կազմակերպչական թիմի հաջողել չի կարող  և հենց դա էր պատճառը, որ ընդամենը երեք քաղաքական ուժ հաղթահարեցին խորհրդարան մուտք գործելու անցողիկ շեմը, և ընդամենը  մի քանիսը  հավաքեցին 1% և քիչ  ավելի  ձայն, ինչը և ենթադրում է ժամանակակից աշխարհի քաղաքական մշակույթին համապատասխան ձեռնամուխ լինել կուսակցությունների խոշորացման  իրավական գործընթացին, ոչ միայն նրա համար, որ 3 մլն. բնակչություն ունեցող  երկրի համար աննորմալ  երևույթ է 100-ից ավելի կուսակցությունների գոյությունը, այլ նաև Հայաստանի զարգացումը պահանջում է քաղաքական դաշտի ինստիտուցիոնալիզացիա և զարգացում։ Ինչևիցե, անելիքները չափազանց շատ են, սակայն ես այս պահին, օրվա խորհրդով, անհրաժեշտ եմ համարում կատարել մի քանի եզրահանգումներ և  հղել մի քանի հորդորներ։        

ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ                            

1. Ժողովուրդը Հայաստանում  մերժեց փողը և ընտրակաշառքը։  

2. Ժողովուրդը Հայաստանում  մերժեց  ընտրական ճնշումներով քվեներ տալու արատավոր պրակտիկան ։

3. Հայաստանում ամրապնդվեց ազատ խոսքը, ազատ տնտեսությունը, ազատ  ապրելու , ազատ խոսելու , ազատ գործելու  և արարելու չափազանց կարևոր քաղաքական իրավունքն ու հնարավորությունը։

4.Հայաստանում այլևս  անշրջելի դարձավ ժողովրդի քվեով, առանց փողի և պարտադրանքի իշխանություն ձևավորելու կարևորագույն քաղաքական իրավունքը։            

5, Շնորհավորելով և ՔՊ ին, և Հայաստան դաշինքին, պետք է արձանագրենք, որ ի  վերջո Հայաստանում հաղթեց ոչ թե տեղական բդեշխը, փողը և թաղային հեղինակությունը, այլ  քաղաքացու  քվեն և երկրի զարգացման նրա տեսլականը  և, ըստ որում, անկախ նրանից ինչքանով  և ինչպես է այդ քվեի տերը գիտակցում մեր երկրի առաջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները ։   Դա արդեն առանձին խոսակցության նյութ է, քանզի պետության և հասարակության խնդիրն է  շարունակական բարեփոխումներով  երաշխավորել  հասարակության իրավագիտակցության բարձրացման և ինքնակրթության անհրաժեշտ արդյունքներ ապահովելու համար։

ՀՈՐԴՈՐՆԵՐ              

1. Հետևողական քայլեր ձեռնարկել համազգային համերաշխության մթնոլորտ ձևավորելու , ատելության և անհանդուրժողականության խոսքը կասեցնելու, ազգը սևի և  սպիտակի բաժանելու արատավոր պրակտիկան

2.Հայրենիքի համար կարևորագույն որոշումներ կայացնելիս պատշաճ իրազեկել  ժողովրդին ոչ թե որոշումից հետո պոստֆակտում, այլ տվյալ որոշումը կայացնելուց առաջ, իհարկե հաշվառելով  նաև պահանջվող խորհրդապահության սկզբունքները։                      

3. Անխուսափելի հանդիսացող  սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան իրականացնել ոչ թե հաճախ  ընդունված տղայական, սին  և մակերեսային մոտեցումներով, այլ  պատշաճ պրոֆեսիոնալ մակարդակով, որից մեր հայրենիքը և ժողովուրդը կարող է շահել, այլ ոչ թե շարունակաբար տուժել, պարբերաբար առաջացնելով նեգատիվ սպասումներ և շարունակական վտանգներ։              

4. Բոլոր ուղղություններով իրականացնել հստակ, համալիր, արդյունքին միտված բարեփոխումներ` երկրի անվտանգության ապահովման, պրոֆեսիոնալ բանակի ձևավորման,  զինված ուժերի բարեփոխման, զոհված և վիրավոր մեր հայրենակիցներին օրենքի ուժով պետական աջակցության ապահովման, սահմանային ենթակառուցվածքների համալիր արդիականացման ուղղությամբ  բարեփոխումներ ապահովելու համար անվտանգային միջավայրի կտրուկ բարելավման և  երկրի անվտանգության ապահովումը երաշխավորող համապատասխան ենթակառուցվածքների  անխափան և արդյունավետ գործունեությունը։

5. Իրականացնել տնտեսության հետևողական ազատականացման և դիվերսիֆիկացման շարունակական ջանքեր, զուգահեռաբար երաշխավորելով պետական մարմինների  բովանդակային և հետևողական բարեփոխումները  երաշխավորելու համար դրանց կողմից պրոֆեսիոնալ և անխափան գործունեությունը։

Քանի որ անելիքները և լուծման կարոտ խնդիրները բազմաթիվ են, ես կշարունակեմ փորձագիտական մակարդակով մերթընդմերթ տեղեկացնել իմ մոտեցումները հնարավորինս օբյեկտիվ և առանց որևէ ակնկալիքի` օգնելու և օժանդակելու անկեղծ ձգտումով։ Առողջ եղեք»։

398