«Քվեարկության օրը մեր դիտարկվող տեղամասերում դիտորդների կողմից արձանագրվել են տասնյակ խախտումներ, մասնավորապես դիտարկված տեղամասերից 52 տոկոսում արձանագրվել են քվեարկության գաղտնիության հետ կապված խախտումներ, բազմաթիվ  տեղամասերում դիտարկվել են տեղամասի դրսում քարոզչության դեպքեր, մասնավորապես, տեղամասերի 37,5 տոկոսում դա արվել է «Հայաստան» դաշինքի օգտին քարոզչություն, 15,7` «Պատիվ ունեմ» դաշինքի, 14 տոկոսում` ՔՊ-ի և 4,7-ական տոկոսը` ԲՀԿ-ի և ԱԲ-ի օգտին»,- այդ մասին այսօր ամփոփելով հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ասաց «Անկախ դիտորդ» դիտորդական նախաձեռնության անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում»  կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ 

Նա նշեց, որ տեղամասերի 10-ը տոոկսում գրանցվել են դեպքեր, երբ ընտրողներին տրվել են ոչ բոլոր 25 քվեաթերթիկները և 10 տոկոսում արձանագրվել են քվեաթերթիկների դուրսբերման դեպքեր։ 

Վերջինիս խոսքով՝ քվեախցիկում այլ անձանց ներկայությունը եղել է տեղամասերի մոտ մեկ երրորդում, իսկ տեղամասերի 10 տոկոսում դիտվել է պատկեր, երբ  օգնողները քվեախցիկում ակնհայտորեն չեն հարցրել ընտրողի կամքը, և ընտրողը ֆիզիկապես ներկա է եղել քվեախցիկում, բայց իրենից ոչ մեկ չի հարցրել, թե ում է ինքն ուզում ընտրել, որ օգնեին և համապատասխան կերպով քվեարկվեր։

«Թվով երեք ընտրատեղամասերում բոլոր քվեաթերթիկներ տալը կրել է պարբերական բնույթ և կոնկրետ հենց մեկ կուսակցության մասով է եղել, և պարբերաբար ընտրողներին չի տրվել ՔՊ-ի քվեաթերթիկը։ Երկու այդպիսի տեղամասեր Երևանում էին, մեկը՝ Գորիսում»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։ 

Վերջինս նաև նշեց, որ ընտրատեղամասերում ցավոք սրտի դիտարկվել են նաև վիճաբանության և ծեծկռտուքի դեպքեր, որոնք եղել են հատուկենտ, դրանք տեղի են ունեցել ձայների հաշվարկի ընթացքում և չեն ազդել ընտորղների կամարտահայտման վրա։

«Ընդհանուր առմամբ քվեարկության օրը արձանագրվել է 52 -ական խախտում, որոնց մասով ներկայացվել է հանցագործության մասին 9 հաղորդում  և 1 վարչական բողոք։ Ընտրության օրը և նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում իրավապահ մարմիններին «Անկախ դիտորդի» անունից ուղարկվել է հանցագործության մասին 30 հաղորդում, որոնց ծանրակշիռ մեծամասնությունը վերաբերվել է ընտրակաշառքի դեպքերին, այնուհետև երկրորդ հորիզոնականով գալիս է ընտրողների վրա ապօրինի ազդեցության այլ դրսևորումները»,-ասաց Դանիել Իոաննիսյանը։   

1094