ՌԴ Ամուրի մարզի Բլագովեշչենսկիի քաղաքային դատարանը որոշել է մինչև օգոստոսի 22-ը կալանավորել մոսկովյան Респект-СМ շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Ալիկ Ալեքսանյանին: Նա մեղադրվում է ՛՛Վոստոչնի՛՛ տիեզերակայանում շինարարական-մոնտաժային աշխատանքների ընթացքում մոտ 60 մլն ռուբլու չափով խարդախություն իրականացնելու համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ գործարարը հարցաքննության ժամանակ իր մեղքը չի ընդունել և անհեթեթ է անվանել իրեն վերագրվող մեղադրանքը:

Հաղորդվում է նաև, որ ավելի վաղ կալանքի տակ էր հայտնվել Ալեքսանյանի տեղակալը: Նրան այլ մեղադրանք է առաջադրվել, սակայն նրա դեմ բացված քրեական գործը ևս առնչվում է տիեզերակայանում տեղի ունեցած յուրացումներին:

Քննչական մարմիններն ու գործարարի պաշտպանությունը պաշտոնական մեկնաբանություն դեռևս չեն տվել:

Նշենք, որ հունիսի սկզբին հայտնի էր դարձել «Վոստոչնի» տիեզերակայանում խարդախությունների հետ կապված միանգամից երկու քրեական գործի հարուցման մասին: Մի դեպքում շինարարական ընկերությունը հրթիռային վառելիքի արտադրման և պահպանման համալիր կառուցելու չկատարված աշխատանքի համար 600 մլն ռուբլի է ստացել, իսկ մյուս գործն առնչվում է 60 մլն ռուբլու յուրացմանը՝ կեղծ փաստաթղթերի ներկայացմամբ:

11286