«Սահմանադրության համաձայն՝ արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, և նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին, իսկ ԱԺ կազմավորված լինելը հավաստվում է Ընտրական օրենսգրքով»,- այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան, Փաստաբանների պալատի անդամ Նաիրա Արտաշեսյանը` պարզաբանելով, թե երբ է լինելու ԱԺ 8-րդ գումարման անդրանիկ նիստը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը՝ այսինքն հունիսի 27-ին, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ»,- ասաց իրավաբանը:

Ըստ էության, ԱԺ 8-րդ գումարման անդրանիկ նիստը տեղի կունենա հունիսի 27-ից հաշված երկրորդ երկուշաբթի օրը, այսինքն`  հուլիսի 5-ին:

Իսկ հարցին` արդյոք «Հայաստան» դաշինքի ՍԴ դիմելու հանգամանքը կարող է ազդել ԱԺ անդրանիկ նիստ գումարելու վրա, Նաիրա Արտաշեսյանն ասաց, որ Սահմանադրական դատարան դիմելը չի կասեցնում ԱԺ կազմավորման գործընթացը:

Հիշեցնենք` հունիսի 20-ին տեղի ունեցան ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններ:  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է կազմելու եւ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ձեւավորելու է նոր կառավարություն։

Հայկ Մագոյան

 

1375