Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության դաշնային հարկային ծառայության միջև հունիսի 25-ին ստորագրվել է «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների միջև վստահված երրորդ կողմի մեխանիզմի կիրառմամբ անդրսահմանային առևտրի ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման պիլոտային ծրագրի իրականացման մասին» ճանապարհային քարտեզը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Ճանապարհային քարտեզը ստորագրել են ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը և ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Եգորիչևը:

Ըստ աղբյուրի՝ ճանապարհային քարտեզի նպատակն է երկու պետությունների հարկային մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման ոլորտում փոխհամագործակցության խորացումը՝ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար: Նախագծի գործարկմամբ երկու երկրների հարկ վճարողներին հնարավորություն կընձեռվի փոխադարձ առևտրի շրջանակում էլեկտրոնային եղանակով փոխանակվել հաշվարկային փաստաթղթերով։

ՀՀ ՊԵԿ-ի տեղեկացմամբ՝ Ճանապարհային քարտեզի արդյունավետ իրականացումը թույլ կտա հետագայում կիրառել էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման հայ-ռուսական լավագույն փորձը Եվրասիական տնտեսական միության այլ երկրների հետ: Ճանապարհային քարտեզի իրականացման շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային հարկային ծառայության միջև գործակցությունը ամուր հիմք կհանդիսանա ժամանակակից մարտահրավերների հաղթահարման, ինչպես նաև տեղեկությունների փոխանակման արդյունավետ ապահովման համար: 

638