Այսօր Araratnews.am-ը ահազանգ է ստացել Գյումրու Լեւոն Մադոյան փողոցի բնակիչներից՝ ջրից թունավորվելու մասին: 

«Գիշերը սկսեցի ինձ վատ զգալ: Ամբողջ գիշեր մոտս սրտխառնոց էր եւ փսխում: Առավոտյան տեղեկացա, որ մեր մյուս հարեւաններն էլ են ամբողջ գիշեր շատ վատ եղել: Դեռ բժշկի չեմ դիմել, բայց ինձ թվում է, որ ջրից է, քանի որ արդեն 2 օր է՝ ինչ ջրից տարօրինակ համ եմ զգում»,- ասաց Մադոյան փողոցի բնակիչներից մեկը: 

Araratnews.am-ը կապվեց Veolia Armenia-ի մամուլի քարտուղարի հետ՝ պարզելու, թե արդյոք իրենք ունեն այսպիսի ինֆորմացիա եւ հնարավո՞ր է թունավորում ջրից։

«Ոչ մի բան չեմ կարող ասել, հենց նոր ձեզանից իմացա այս դեպքի մասին: Իրենց առողջություն եմ մաղթում, բայց չեմ կարող սա մեկնաբանել, քանի որ իրենք բժշկի չեն դիմել։ Խորհուրդ եմ տալիս դիմել բժիշկների՝ պարզելու այդ խնդրի պատճառը: Հետո նոր կզրուցենք»,- ասացին մեզ հետ զրույցում Veolia Armenia-ից։

Հիշեցնենք, որ Araratnews.am-ը մի քանի օր առաջ ահազանգ էր ստացել այն մասին թե, իբր, պարբերաբար ջրանջատումներից հետո ջրից սկսել է շատ վատ համ գալ։ 

 Լյուսիյա Պետրոսյան

345