Գերմանական Դորտմունդում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումների վերջին օրը 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը, որը նախօրեին երեք հաղթանակ տանելով, հասել էր եզրափակիչ, ոսկե մեդալի համար գոտեմարտում հանդիպեց Ադրբեջանը ներկայացնող Այդին Ահմադովին:

Գոտեմարտն ավարտվեց հայ ըմբիշի հաղթանակով՝ 11-0 հաշվով: Լյովա Գևորգյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը եզրափակչում 3-8 հաշվով զիջեց ադրբեջանցի Քանան Հեյբաթովին:

92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը, որը նախօրեին կիսաեզրափակչում պարտվել էր գերմանացի Յոհանես Մեյերին, այսօր երրորդ տեղի համար գոտեմարտում 11-0 հաշվով հաղթեց հունգարացի Կրիշտիան Գաբոր Անգյալին ու դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր:

Այսպիսով, հայ ըմբիշները Դորտմունդից կվերադառնան 5 մեդալներով՝ մեկ ոսկե, երկու արծաթե և երկու բրոնզե: Նախօրեին Եվրոպայի փոխչեմպիոն էր հռչակվել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, իսկ 70 կգ քաշային Նարեկ Հարությունյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

Հուլիսի 2-ին Եվրոպայի երիտասարդների առաջնությունում պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները:

 

2440